Մատչելիության հղումներ

Դատախազությունը չի հայտնում ГРУ-ի նախկին հատուկջոկատայինի սպանության գործով կալանավորվածի անունը


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազությունը հրաժարվում է հայտնել, թե Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործով Հայաստանում ո՞վ է կալանավորվել, արդյո՞ք այդ անձը Հայաստանի քաղաքացի, և ե՞րբ է նա կալանավորվել: Պարզ չէ նաև՝ մտադի՞ր են Հայաստանի իշխանությունները արտահանձնել կալանավորվածին Ռուսաստան:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ անձը կալանավորվել է 40 օրով, և հայաստանյան կողմը սպասում է, թե երբ տեղ կհասնեն քրեական գործի նյութերը:

Ռուսաստանյան ТАСС լրատվական գործակալությունը երեկ հաղորդել էր, որ Բելյանկինի գործով Հայաստանում մեկ անձ է ձերբակալվել: Այդ մասին ТАСС-ին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը: «Բելյանկինի սպանության գործով անցնողը կալանավորվել է 40 օրով: [Հայաստանի] գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել ռուսաստանցի գործընկերներին՝ քրեական գործի նյութերը ստանալու համար, որպեսզի սկսենք քրեական հետապնդում», - ասել է Խաչատրյանը:

Նիկիտա Բելյանկինը սպանվել է այս հունիսի 2-ին Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում՝ սրճարանում վիճաբանության ժամանակ: Գործով կալանավորված են 9 հոգի, բոլորը ազգությամբ հայ՝ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ: Նրանք, սակայն, չեն ընդունում առաջադրված մեղադրանքները: Գործով միջազգային հետախուզում է հայտարարվել Հովհաննես Հայրապետյանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG