Մատչելիության հղումներ

Սուրեն Պապիկյանը մի քանի մարզերում ստուգում էր ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը


Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարն այսօր միանգամից մի քանի մարզերում էր ստուգում ճանապարհաշինական ծրագրերի ընթացքը, մասնավորապես, փորձելով պարզել, թե ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ հարցերում են թերանում շինարարական կազմակերպությունները:

2019-ի պետական բյուջեով նախատեսված է հիմնանորոգել ավելի քան 150 կմ ճանապարհ, մի շարք ծրագրեր էլ իրականացվում են վարկային միջոցներով: Օրինակ, Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական (ՎԶԵԲ) և Համաշխարահին բանկերի, ինչպես նաև կառավարության ֆինանսավորմամբ 3 տասնյակից ավելի փողոցներ են նորոգվում: Քաղաքի պատմական միջուկի հատվածում սալիկապատման ու ասֆալտապատման աշխատանքները գրեթե ավարտված են:

Թեև ՎԶԵԲ-ի ծրագրի առաջին փուլի ավարտը երկարաձգվել էր մինչև հունիսի 30-ը, սակայն այս ժամկետը ևս խախտվեց: Հիմա սահմանված վերջնաժամկետ չկա, բայց նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շինարարներին զգուշացրեց՝ աշխատանքները չեն կարող մինչև հաջորդ տարի շարունակվել:

«Չի կարա էս տարի էլ էսպես մնա ու մենք գնանք, հիմա էլ մյուս տարի էլ խոսենք կավարտե՞նք էս տարի, թե՝ չէ, որովհետև ժամկետների խախտումն էլ է տույժ ու տոգանք ու դրանից բացի պիտի ավելի խիստ միջոցների դիմենք, ընդհուպ սև ցուցակ», - նշեց Պապիկյանը։

Օգոստոսի 25-ին նշվելու է քաղաքի օրը և շինարարները հիմա այդ ժամկետի մեջ են տեղավորվելու: Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեցինք, թե ընդհանուր առմամբ ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների որակից գո՞հ են, թե՞ ոչ:

«Մենք արդեն նախորդ տարվանից կատարված աշխատանքներ ունենք, որոնց կատարողականը մենք չենք ընդունում։ Այսինքն եթե որևէ շինարար մտածում է, որ կարող է պետական բյուջեի գումարները փոշիացնել, մենք ընդամենը բարեկամաբար պետք է իրենց խնդրենք, որ այլևս նման մոլորություններ չունենան, որովհետև դա ընդհուպ տանելու է տվյալ ընկերության սնանկացման, որովհետև չեն վճարվելու։ Մենք շահագրգռված ենք, որ հայաստանյան ընկերությունները լինեն շատ ուժեղ, իրենց կարողություններով, ունակություններով, որ մենք կարիք չուենանք որևէ տեղից նոր շինարար հրավիրելու», - պատասխանեց Պապիկյանը։

Ճանապարհաշինությունը համարվում է, այսպես կոչված, ատկատաների համար բարենպաստ ոլորտ: Սուրեն Պապիկյանը գիտի՝ ինչպես են փակելու շինարարների ախորժակը:

«Աչք չփակելով, այսինքն աչք փակելը ենթադրում է, որ դրա տակ կա որևէ կոռուպցիոն ռիսկ, հնարավոր ռիսկ, մենք հետևողական ենք, և բնականաբար, բոլոր թերացողներին ըստ արժանվույն պատժում ենք», - ասաց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։

Հարցին, թե պատժի ի՞նչ մեխանիզմ է կիրառվելու, որ շինարարը մտածի ոչ թե փող լվանալու, այլ որակով աշխատանք կատարելու մասին, Պապաիկյանը արձագանքեց. «Սև ցուցակ, չվճարել, այսինքն որևէ շինարար աշխատանքը անի ու դրա համար չվճարվի, որևէ մեկին դա ձեռնտո՞ւ է, կարծում եմ՝ ոչ, դրա համար խնդրում ու հորդորում եմ՝ ես ամեն ամսյա ռեժիմով հանդիպելու եմ որոշ շինարարների հետ, ես գործընկերային բարիդրացիական միջավայր եմ ուզում ստեղծենք, մարդիկ աշխատեն պարտաճանաչ, մենք էլ պարտաճանաչ վճարենք, գոհ լինեն բոլորը՝ թե՛ քաղաքացին, թե՛ գործարարը, թե՛ մենք։ Սա է մեր սկզբունքը ու կարծում եմ՝ այս ճանապարհին մենք պետք է բացառենք բոլոր ռիսկերը»։

Շինարարների առաջադրանքը հստակ է՝ որակ և ժամկետի մեջ տեղավորվել, ասաց նախարար Պապիկյանը:

«Կառավարությունը այս տարի և արդեն մյուս տարվա համար մեծ միջոցներ է դնում ճանապարհաշինության մեջ, այսինքն սա հնարավորություն է տալիս, որ պարտաճանաչ ընկերությունը կարողանա իր կարողությունները մեծացնի, իր հնարավորությունները մեծացնի, ուժեղանա, հարստանա և մեզ որակով ճանապարհներ ապահովի։ Դրան զուգահեռ մենք պահանջում ենք որակ և, բնականաբար, պահանջում ենք, որ դա լինի ժամկետի մեջ, որովհետև այդ ժամկետը մեզ համար կարևոր ու էական է», - ընդգծեց նախարարը։

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կառավարությունը հաջորդ տարի բավականին լուրջ գումարներ է ներդնելու ճանապարհաշինության մեջ: Գործադիրն արդեն հավանություն տվել է ծրագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG