Մատչելիության հղումներ

ՀՀ-ում Ռուսաստանի սահմանապահ զորքերի հայ զինծառայողն ինքնասպանություն է գործել


Երևանի Կորեայի ձոր կոչվող թաղամասի տներից մեկում Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայող է ինքնասպան եղել։

30-ամյա Արսեն Կարապետյանը երեկ պարանով կախվել է սեփական կիսակառույցում։ Նրան սենյակում կնոջ մայրն է կախված գտել։

Արսենի աներորդին, որը չէր ցանկանում նկարահանվել, պատմեց, որ 30-ամյա Կարապետյանը կնոջ ու երեխայի հետ աներոջ ու զոքանչի տանն է ապրել։ Նրանց տան հարևանությամբ էր Արսենը կառուցում իր տունը։

Նրա ինքնասպանությունը բարեկամները Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հետ են կապում։

Աներորդին պնդում է, թե Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերում Արսենից 700 հազար դրամ են պահանջել ու ճնշումներ գործադրել։ Այդ ընթացքում իրենք փորձել են վարկով գումար վերցնել ու տալ պահանջվող գումարը․ - «Գումարը պետք էր, որ ինքը հասցներ զորամաս: Ինչ-որ խնդիրներ է ունեցել զորամասում: Որ գումարը չտաներ, իր հետ ինչ-որ բան կպատահեր զորամասով»:

«Ազատությունը» Ռուսաստանի դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից փորձեց պարզել, թե արդյոք զորամասում Արսենը խնդիրներ ունեցել է, սակայն մեր զանգեր ամբոողջ օրվա ընթացքում անպատասխան մնացին։ Այլ հեռախոսահամարով ևս փորձեցինք կապ հաստատել մամուլի ծառայության աշխատակիցների հետ, սակայն մեր հարցին պատասխանեց զորամասի ծառայողներից մեկը:

«Դե ինչ կարող եմ ձեզ ասել՝ եթե նրանք տեղում չեն, ուրեմն այլ տեղում են։ Նշանակում է նրանք այլ հանձնարարություն են իրականացնում», - ասաց ներկայանալ չցանկացած զինծառայողը։

Քննչական կոմիտեում դեռ չեն պարզել, թե արդյոք զինծառայողի ինքնասպանության պատճառը 700 հազար դրամն է եղել։ Կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են փորձաքննություններ։

Հատկանշական է, որ Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի ևս 2 հայ զինծառայող էլ հենց կախվելու միջոցով ինքնասպան են եղել 2015 թվականին։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ 2015-ի մարտի ինքնասպանություն գործած Արթուր Աֆյանի գործը կարճվել է, իսկ նոյեբերին ինքնասպանություն դիմած Վ. Հովհաննիսյանի քրեական գործը կասեցվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG