Մատչելիության հղումներ

«Էքսցենտրիկ, սկանդալային, անկանխատեսելի» Բորիս Ջոնսոնը ստանձնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը


«Բրեքզիթի» շուրջ ստեղծված աննախադեպ ճգնաժամի ֆոնին, որը համարվում է թերևս ամենալուրջը երկրի հետպատերազմական քաղաքական պատմության ընթացքում, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնը այսօր ստանձնում է երկրի վարչապետի պաշտոնը:

Բրիտանական կառավարության նոր ղեկավարը խոստանում է վերջ դնել երեք տարվա ոդիսականին` մինչև առաջիկա հոկտեմբերի 31-ը երկիրը դուրս բերել Եվրամիությունից: Կհաջողվի՞ արդյոք «Բրեքզիթի» ամենաեռանդուն ջատագովներից մեկը համարվող Բորիս Ջոնսոնին գերազանցել իր նախորդին՝ Թերեզա Մեյին, և իրականացնել Մեծ Բրիտանիայի բնակչության 52 տոկոսի պահանջը, և ամենակարևորը՝ ինչպես․ այս հարցերի պատասխանները հակասական են:

Նյու Յորքում ծնված բրիտանացի քաղաքական գործիչը, ում երակների մեջ նաև թուրքական արյուն է հոսում, համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորությունը պետք է փորձի համոզել Բրյուսելին նոր բանակցություններ սկսել «Բրեքզիթի» շուրջ: Եվրամիության ղեկավարությունը, մինչդեռ, բազմիցս ընդգծել է՝ դա բացառվում է:

Ջոնսոնը հայտարարում է, թե պատրաստ է նաև առանց պայմանավորվածությունների Եվրամիությունը լքելու տարբերակին, որը շատերի համոզմամբ՝ հղի է ծանր տնտեսական հետևանքներով: Նրա կարգախոսը՝ ցանկացած գնով «Բրեքզիթի» գործընթացը Բրյուսելի հետ համաձայնեցված ժամկետում ավարտելն է:

«Սկզբում քեզ ստիպում են հարկեր մուծել հունական ձիթապտղի այգիների համար, որոնցից շատերը պարզապես գոյություն չունեն: Հետո ասում են, թե չի կարելի ռեստորաններում հացը թաթախել ձիթապտղի յուղի մեջ: Եվ այսպես մեզ պարտադրում են սուբսիդիաներ տրամադրել, որպեսզի կարգադրեն՝ որտեղ, ինչպես և երբ պետք է ձիթապտղի յուղ ուտենք»․ - ահա նաև այսպես էր նա հիմնավորում Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու անհրաժեշտությունը:

Բրիտանական քաղաքականության ամենահայտնի գործիչներից մեկը համարվող 55-ամյա Բորիս Ջոնսոնը մինչ Դաունինգ սթրիթ 10 տեղափոխվելը ղեկավարել էր երկրի դիվանագիտական գերատեսչությունը, մինչ այդ էլ Լոնդոնի քաղաքապետն էր:

Նա բազմիցս աչքի է ընկել իր արտասովոր պահվածքով և վիրավորական արտահայտություններով, հաճախ հայտնվել մեծ ու փոքր սկանդալների կենտրոնում, նրան մեկ անգամ չեն մեղադրել ստի մեջ: «Էքսցենտրիկ, սկանդալային, անկանխատեսելի»․ եվրոպական դիվանագետներն ու լրատվամիջոցները հաճախ այս բառերով են բնութագրում Ջոնսոնին:

Միացյալ Թագավորության կառավարության նորընտիր ղեկավարը իր հրապարակային ելույթներում չի խորշել համաշխարհային լիդերների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելուց՝ դրանք բաժին են հասել շատերին՝ Օբամայից մինչև Էրդողան:

Ջոնսոնի նկատմամբ հակասական վերաբերմունքը պատահական չէ. մինչ արտգործնախարար նշանակվելը տարիներ շարունակ «Դեյլի Թելեգրաֆում» տպագրվող պահպանողական գործիչը որոշել էր իր «ստեղծագործական տաղանդն» օգտագործել Մեծ Բրիտանիայի դաշնակից երկրներից մեկի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին զայրացնելու համար: Իր ստեղծագործության համար Ջոնսոնն ընտրել էր Մեծ Բրիտանիայում լայնորեն տարածված՝ լիմերիկ ժանրը: Հումորային հինգտողանի բանաստեղծության նպատակն անհեթեթ իրավիճակում հայտնված հերոսին ծաղրի ենթարկելն է: Բանաստեղծության տողերի համաձայն՝ հերոսը սեռական կապի մեջ է մտել այծի հետ: Սակայն այս սկանդալը հետագայում չէր խանգարել արդեն որպես Թագավորության թիվ մեկ դիվանագետ մեկնել Անկարա և «դրական ու կառուցողական» հանդիպում ունենալ իր հեգնական տողերի հերոսի հետ:

Ծագումով Թուրքիայից, մահմեդական արմատներ ունեցող բրիտանացի արտգործնախարարը ի դեպ պաշտոնավարման ընթացքում թերևս ամենամեծ սկանդալներից մեկի կենտրոնում է հայտնվել և կոշտ քննադատության ենթարկվել հիջաբով կանանց փոստարկղի հետ համեմատելու համար: - «Հիմարություն է, երբ մարդիկ որոշում են փողոցով քայլել փոստարկղի համազգեստով», - իր սյունակներից մեկում գրել էր Ջոնսոնը, ով իրեն ուղղված դատապարտող կոչերից հետո էլ չհրաժարվեց այդ խոսքերից:

Մեծ Բրիտանիայի վարչապետը, սակայն, ոչ միշտ է փայլել սկզբունքայնությամբ: Լոնդոնի մերձավոր դաշնակից Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա հայտարարում էր, թե կա մի անձ, որի հետ ամենևին հանդիպելու ցանկություն չունի և այդ անձը Դոնալդ Թրամփն է: - «Միակ պատճառը, որն ինձ կստիպի չմեկնել Նյու Յորք, դա Թրամփի հետ հանդիպելու վտանգն է», - ասել էր նա: Ամիսներ անց այս երկու քաղաքական գործիչները, որոնց, ի դեպ, միջազգային մամուլը հաճախ է համեմատում` Ջոնսոնին անվանելով «Մինի-Թրամփ», դարձան ընկերներ, Սպիտակ տան ղեկավարն էլ չթաքցրեց աջակցությունը բրեքզիթերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG