Մատչելիության հղումներ

Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց


Վերաքննիչ դատարանում ավարտվեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազության բողոքի քննությունը:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակի այսօր:

Նիստին մասնակցում էր նաև հունիսի 25-ից կալանավորված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առաջին ատյանի դատարանը հունիսի 7-ին մասնակի բավարարել էր գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին Քոչարյանի պաշտպանի դիմումը: Դատարանն ուժի մեջ էր թողել գույքի կալանքը, սակայն արձանագրել էր, որ Քոչարյանի իրավունքները խախտվել են:

Դատախազները պնդում են, որ մեղադրյալի իրավունքները չեն խախտվել, առաջին ատյանի դատարանի որոշումը անհիմն է և պահանջում են, որ Վերաքննիչ դատարանը բեկանի այն:

Հատուկ քննչական ծառայության քննիչը նախկին նախագահի գույքի վրա կալանք դնելու որոշում կայացրել է անցած տարվա հուլիսի 30-ին: Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի առանձնատունը խուզարկելիս առգրավվել են տարբեր իրեր՝ զենքեր, փաստաթղթեր, նույնականացման քարտը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից՝ 27000 դոլար:

Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում կարճ ելույթ ունեցավ, դժգոհեց՝ իր իրավունքները խախտվել են, դատական ծախսերի համար հարազատների աջակցությունից է օգտվում, ինչն իրեն պատիվ չի բերում: Իսկ զենքերի վերաբերյալ ասաց, թե այդ զենքերից որևէ մեկը չի օգտագործվել մարտի 1-ի ժամանակ:

«Օրինակ կենսաթոշակի հարցում ես ասում եմ՝ լավ, պետք է ֆորմալ ծախսեր հոգալ և պետք է փաստաբանական ծախսեր հոգալ, ինչի՞ եք դուք այդպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ իմ բարեկամների, հարազատների աջակցությունից: Իմ համար դա, ըսենց ասեմ՝ պատիվ չէ: Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է, որին ավելի լայն կոնտեքստով արժի նայել, քանի որ մարդուն զրկում են ամեն ինչից, բոլոր հնարավորություններից, նաև պաշտպանվելու հնարավորություններից», - դժգոհեց նախկին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG