Մատչելիության հղումներ

Նոր աղբատար մեքենաները կշահագործվեն աղբահանության աշխատանքներն իրականացնող համայնքային հիմնարկի կողմից


Երևանի քաղաքապետարանի շենքը արխիվ

Քաղաքապետարանից հայտնում են՝ երկու նոր աղբատար մեքենա և 400 աղբաման է Երևան հասել, մեքենաները կշահագործի աղբահանության աշխատանքներն իրականացնող համայնքային հիմնարկի կողմից։ Իսկ մայիսին Հայաստան ներկրված «Կամազ» մակնիշի հինգ աղբատարներն արդեն գործարկվում էին: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատությանը» հայտնեց՝ այս շաբաթ ևս 3 մեքենայի են սպասում:

«Նշեմ, որ այն 5 մեքենաները մայիսին և մայիսից սկսած իրականացնում են աղբահանության գործընթացներ, եթե էսպես մոտավոր հաշվարկով ասենք, քաղաքի աղբահանության շուրջ 40 տոկոսը իրականացնում են, այսինքն էն պայմաններում, որոնք հիմա ունենք», - ասաց Կարապետյանը։

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը պիտի լրացնի այս պահին աղբահանության միակ օպերատորի՝ «Սանիթեկ»-ի բացթողումները, որն արդեն մի քանի անգամ տույժի է ենթարկվել չկատարած աշխատանքի համար:

«Որքան որ «Սանիթեկ»-ը չկարողանա անել, այնքան աղբահանության հիմնարկը փորձելու է, ձգտելու է լրացնել այդ բացը և հակառակը՝ որքան որ «Սանիթեկ»-ը անի և խնդիր չլինի հասկանալի է, որ աղբահանության հիմնարկը այդ տեղը չի զբաղեցնի», - ընդգծեց քաղաքապետի մամուլի խոսնակը։

Հակոբ Կարապետյանի պնդմամբ՝ վերջին ամիսներին «Սանիթեկ» ընկերությունն էլ ավելի է վատացրել առանց այն էլ վատ աշխատանքը: «Սանիթեկ»-ն այս պահին ձեռնպահ է մնում մեկնաբանություններից, միայն օրերս հայտարարել էին, թե իրենց ֆինանսական դժվարությունների համար մեղավոր է նաև քաղաքապետարանը՝ անհամաչափ և անարդար համարելով քաղաքապետարանի տուգանքները։

«Եթե նույնիսկ «Սանիթեկ»-ը այն մակարդակի վրա աներ իր գործը, ինչպես որ անում էր, օրինակ, մարտ կամ ապրիլ ամսիներին, հիմա քաղաքի աղբահանության վիճակը շատ ավելի բարվոք կլիներ, բայց «Սանիթեկ» ըկերությունը, ցավոք սրտի, փոխանակ շտկելու իրադրությունը ավելի բարդացնում է իրադրությունը», - ասաց Կարապետյանը։

Խոսնակը շեշտեց՝ մինչ օգոստոսի ավրտը նոր մեքենաներ ու աղբարկղեր էլի կգան, որոնք անհամեմատ կթեթևացնեն ներկայիս ծանր վիճակը։ Մինչդեռ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի գնահատմամբ, նոր աղբատարների գործարկումը դեռրես որևէ արդյունք չի տվել։

«Բացարձակ փոփոխություն չեմ տեսնում և օրօրի ավելի է վատանում, սա ակնհայտ է, սա հստակ է, որովհետև հունիս ամսին իրավիճակը էլ ավելի բարվոք էր քան հուլիս ամսին», - նշեց Թեհմինա Վարդանյանը։

Վարդանյանը քաղաքապետարանի և «Սանիթեկ»-ի առճակատումը սխալ է համարում, ասում է՝ դա ի օգուտ Երևանի չէ, մայրաքաղաքը դրանից տուժում է։

«Կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ կառավարությունը ևս որևէ կերպ այս քննարկումներին, բանակցություններին միջամտի, նստեն բանակցային սեղանի շուրջ և քննարկումներ անեն, որովհետև մեկը մյուսի վրա մեղքը բարդելով, մեկը մյուսի խնդիրը մատնանշելով հարցը չի լուծվելու միանշանակ», - ընդգծեց Վարդանյանը։

Մինչ քաղաքային իշխանության ներկայացուցիչները փորձում են խնդրի լուծման բանալին գտնել, երևանցիները կուտակված աղբին էլ չեն դիմանում:

Հարցված քաղաքցիներից մեկը կարծիք հայտնեց, թե «Սանիթեկ»-ը միգուցե միտումնավոր լավ չի աշխատում, որ քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ բացասական տրամադրություններ հարուցի:

«Նեղվածություն բնականաբար կլինի, որ տարածքդ աղտոտված է, ես ինքս դուրս եմ գալիս իմ բակը նաև մաքրում եմ, բայց սա կազմակերպչական խնդիր է, որը քաղաքապետի իրավասության տակ չէ, պայմանագիրը «Սանիթեկ» ընկերության հետ ա կնքված, չէ՞», - նշեց քաղաքացին։

Երևանի անհամար աղբակույտերից մեկի մոտից զանգահարեցինք քաղաքապետարանի թեժ գիծ։ «Ազատության» հարցին, թե Ջանիբեկյան-Ֆուչիկ խաչմերուկ հնարավո՞ր է մեքենա ուղարկեն՝ աղբը հավաքելու համար, պատասխանեցին. «Կփոխանցեմ զանգը համապատասխան բաժին, իրենք անպայման միջոցներ կձեռնարկեն»։

Օրվա վերջում, երբ նորից այցելեցինք նույն վայր, աղբը դեռ չէր հավաքվել, բայց տարածքում աղբատար մեքենա էր աշխատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG