Մատչելիության հղումներ

Շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց նոր ճանապարհ է կառուցվելու․ Արմեն Գրիգորյան


Շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու: Այս մասին հայտնեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարին:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Օրերս Ձեր գլխավորած պատվիրակությունը Արցախում էր, Դուք այնտեղ հանդիպումներ ունեցաք Լեռնային Ղարաբաղի նախագահի, Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, Պաշտպանության նախարարությունում, Արտգործնախարարությունում: Մի փոքր արդյունքները խնդրում եմ ներկայացրեք:

Արմեն Գրիգորյան․ - Այցը, բնականաբար, շատ արդյունավետ էր այն առումով, որ հիմնական թիրախային թեման ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներն են, որպեսզի մենք կարողանանք և՛ բարձրացնենք անվտանգությունը, և՛ տնտեսական հնարավորություններ ստեղծենք Արցախում՝ զարգանալու համար, որովհետև և՛ տնտեսական զարգացումը, և՛ անվտանգությունը մեզ համար Արցախի դեպքում շատ իրար հետ փոխկապակցված են, Հայաստանի դեպքում ևս էդպես է, և պետք է էնպես անենք, որ ներդրումները ռազմավարական ենթակառուցվածքներում արդյունավետ լինի և՛ տնտեսության համար, ինչպես նաև անվտանգությունը բարձրացնի:

Էս պահին, պլաններով 2020 թվականին, նախնական քննարկումներով, պատրաստվում ենք մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել: Արդեն որոշում կա:

«Ազատություն»․ - Կա՞ն ուղղությունները, հայտնի՞ են արդեն այդ ճանապարհի: Մե՞կ ճանապարհ է լինելու, թե՞ տարբեր․․․

Գրիգորյան․ - Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս ամբողջ քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը:

Ի դեպ, Արցախի մասով ասեմ, որ արդեն քաղաքական որոշում կա, և որոշում այն մասով, որ մենք բոլոր հենակետերում Արցախում ունենալու ենք․․․

«Ազատություն»․ - Կներեք, այսինքն՝ Վարդենիս-Մարտակերտ, Գորիս-Ստեփանակերտ և Կապան այդ հարավային ուղղությամբ ճանապարհը՝ սա լինելու է փաստորեն երրորդ կապող ճանապարհը Հայաստանի և Արցախի:

Գրիգորյան․ - Բնականաբար, ու մենք պլանավորում ենք, որ դա կկառուցենք շատ կարճ ժամանակում՝ 2020 թվին:

«Ազատություն»․ - Կա՞ն ֆինանհսական միջոցները:

Գրիգորյան․ - Բնականաբար, եթե քաղաքական նպատակ կա: Ես կարող եմ ասել, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը, մեծ հաշվով, ոչ թե ունի ռեսուրսների խնդիր, այլ էդ ռեսուրսների շրջանակներում ծրագրերը իրականացնելու պոտենցիալի խնդիր ունի: Եվ ես համոզված եմ, որ մյուս տարի կկարողանանք դա նպատակին հասցնել, և շատ կարևոր բան էլ․ երբ որ ասում ենք ռազմավարական ենթակառուցվածքներ, օրինակ՝ բոլոր հենակետերում մինչև 2020 թվականի հոկտեմբերը պլանավորում ենք, որ ջրամատակարարում է լինելու՝ արդեն քաղաքական որոշումը կա, տեխնիկական խնդիր է մնացել, որպեսզի ֆինանսական հատկացումները լինեն, և ամբողջովին բոլոր հենակետերը ունենան ջրամատակարարում: Եվ այլ ենթակառուցվածքներ էլ ենք քննարկում:

«Ազատություն»․ - Կարո՞ղ եք մեկ-երկուսը նշել, թե՞ գաղտնիք է:

Գրիգորյան․ - Դեռևս վաղ փուլում է, ավելի կոնկրետանալու դեպքում կխոսենք:

«Ազատություն»․ - Ես հիշում եմ, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը Արցախի հարավային շրջաններում էր, էնտեղ նոր բնակավայրի կառուցմանն էր ներկա գտնվում, բացման արարողությանը: Այդ առումով, Հայաստանը մտադի՞ր է արաքսամերձ շրջաններում կամ Քարվաճառի շրջանում նոր բնակավայրեր կառուցել, Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը մտադի՞ր են:

Գրիգորյան․ - Էս պահին ավելի շատ ենթակառուցվածքների մասով ենք մտածում, քննարկումները էդ ուղղությամբ է, մնացած մասով եթե ինչ-որ բաներ ունենանք, դրա մասին ավելի հրապարակային կխոսենք: Բայց էս պահին ավելի առաջնահերթ ենք համարում ենթակառուցվածքների ստեղծումը, որը և՛ անվտանգություն է ապահովելու, ինչպես նաև նպաստելու է, որպեսզի տնտեսական զարգացում լինի:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG