Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ


Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպեն, արխիվ

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF, ԱՆԻՖ) հայտարարում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին: Որոշումն ուժի մեջ է մտել այսօր:

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ գործող ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը նախատեսում է համաշխարհային մակարդակի ներկայացուցչություն, և այս համատեքստում Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի ներգրավումը սահմանում է մասնակցության չափազանց բարձր մակարդակ։ 2003 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթով դը Վիլպենը կոչ է արել համաշխարհային առաջնորդներին առաջիկա աշխարհաքաղաքական զարգացումներում դրսևորել զսպվածության ու դիվանագիտական մոտեցում և ընդմիշտ իր տեղն է զբաղեցրել համաշխարհային քաղաքագիտության դասագրքերում», - ասել է ԱՆԻՖ գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը՝ հավելելով․ - «Մեծ պատիվ է ընդունել պարոն դը Վիլպենին որպես ԱՆԻՖ-ի գործընկեր և Հայաստանի բարեկամ: ԱՆԻՖ-ը հատկապես շնորհակալ է ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ պարոն դը Վիլպենին մեզ ներկայացնելու համար»։

Ֆոնդի հաղորդագրության համաձայն՝ Դոմինիկ դը Վիլպենը, իր հերթին, ասել է. - «ԱՆԻՖ-ի թիմին միանալը սկիզբ է մի նոր ու հետաքրքիր ճամփորդության: Ինչպես Ֆրանսիան, Հայաստանը նույնպես վերջերս անցավ քաղաքական դաշտի էական երիտասարդացման մի փուլ, և դրա վկայությունն է այն, որ ԱՆԻՖ գործադիր տնօրեն պարոն Փափազյանը 37 տարեկան է, իսկ խորհրդի նախագահ, փոխվարչապետ պարոն Ավինյանը՝ 30 տարեկան»։

«Հայաստանը ներկայումս Եվրոպայի ամենաարագ ՀՆԱ աճի տեմպ ունեցող երկիրն է 2019-ի առաջին եռամսյակում 7.1 տոկոսով, և ԱՆԻՖ-ը մեծ ապագա և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ունի այդ աճին իր ներդրումն ունենալու հարցում։ Շնորհակալ եմ ԱՆԻՖ-ի արդյունավետ գործունեությանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության», - հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետը:

Դոմինիկ դը Վիլպենը 66 տարեկան է, ծնունդով Մարոկկոյից, ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտը (Sciences-Po) և Կառավարման ազգային դպրոցը (École Nationale d'Administration)։ 2002 թվականին նշանակվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, 2004-ին՝ ներքին գործերի նախարար, իսկ 2005-2007 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը:

Դոմինիկ դե Վիլեպինը հետաքրքրված է գրականությամբ և պատմությամբ: Նա հայտնի է դիվանագիտության, եվրոպական և միջազգային հարաբերությունների թեմաներով իր աշխատություններով, բանաստեղծների և նկարիչների վերաբերյալ իր էսսեներով, նաև գրել է բանաստեղծություններ: Դը Վիլպենի վերջին՝ խաղաղության հաստատման և միջազգային մարտահրավերների մասին գիրքը լույս է տեսել 2016 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG