Մատչելիության հղումներ

Բնական է, որ սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ կառաջանան կառավարման տեսանկյունից. Աղաջանյան


Բնական է, որ սկզբնական շրջանում և հընթացս որոշակի խնդիրներ կառաջանան կառավարման տեսանկյունից, այս մասին հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում։

Էդուարդ Աղաջանյան․ - Նախկինում, ինձ, համենայն դեպս, զեկուցվել է, որ ճոխ սեղաններ էր պարբերաբար փռվում աշխատակազմի ղեկավարի և բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, ծաղիկներ էին պարբերաբար թարմացվում թանկ, և այդ ծախսերը արարողակարգային այդ ծախսերի մեջ էր մտնում, որը որ իրականում տարեկան կտրվածքով բավականին մեծ թիվ էր կազմում: Դրանից մենք առաջին իսկ օրվանից հրաժարվեցինք, դրա արդյունքում վարչապետի աշխատակազմը, 2018 թվի ամփոփ տեղեկանքի համաձայն, բոլոր, այսինքն՝ ոչ միայն այդ, [նաև] այլ խնայողությունների հաշվին 638 միլիոն դրամի խնայողություն է ունեցել՝ կոնկրետ աշխատակազմը իր ընթացիկ ծախսերի տեսանկյունից, և դրանք այս տարի, օրինակ, ուղղվելու են, դրանց մի մասը ուղղվելու է շենքի վերանորոգման համար, որովհետև շենքը իրականում անմխիթար վիճակում է ներսից՝ հատակները ճռռում են և այսպիսի բաներ:

«Ազատություն». – Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցման արդյունքների, երբ հարցրել են հարցվածներին, թե որո՞նք են կառավարության ձախողումները, 22 տոկոսը նշել է, որ վատ կառավարումը, ինչ-որ առումով սա նաև Ձեր բացթողումը չէ՞, վա՞տ եք համակարգել, որ 22 տոկոսը դժգոհ է կառավարումից։

Աղաջանյան. – Ես կարծում եմ, որ բնական էր, որ հետհեղափոխական առաջին մեկ, երկու ամիսների համեմատ ընդհանուր տրամադրությունների որոշակի անկում կլինի՝ հաշվի առնելով հետհեղափոխական էյֆորիկ տրամադրությունները հասարակության, և կարծում եմ, որ ընդհանուր առմամբ այդ հարցումների արդյունքները բացասական չի կարելի գնահատել։ Ինչ վերաբերում է հարցվածների 22 տոկոսին, որոնք բողոքում են հիմնականում վատ կառավարման տեսնակյունից, միանշանակ է, որ դա այդ թվում նաև իմ անձնական գործառույթներին է առնչվում, և բնական է, որ սկզբնական շրջանում և հընթացս որոշակի խնդիրներ կառաջանան կառավարման տեսանկյունից։ Մի բան միանշանակ է, որ մենք ամեն օր խնդիրներ ենք վերհանում և ամեն օր փորձում ենք այդ խնդիրներին լուծում գտնել։

Որպեսզի թվային մոտավորապես պատկերացում կազմվի, ընդամենը մեկ ստորաբաժանման մեր գործունեության վերաբերյալ, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ 2018 թվականին, օրինակ, համեմատ 2017-ի քաղաքացիների դիմումների թիվը 217 տոկոսով ավելացել է։ 2019 թվի առաջին կիսամյակի դրությամբ հենց 59 տոկոսով ավելի է, քան 2017 թվի ամբողջ հարցումների թիվը։

«Ազատություն». – Քաղաքացիների ուղարկած հարցումների քանի՞ տոկոսին է ընթացք տրվել։

Աղաջանյան. – Նախկինում համակարգը աշխատում էր հետևյալ կերպ՝ Կառավարությունը ստանում էր X քաղաքացուց դիմում, որը հասցեագրում էր ըստ ոլորտի, և այդ պահից վերահսկողությունը այդ դիմումի նկատմամբ իսպառ կորում էր։ Մենք այս մոտեցումը վերանայել ենք, մենք հստակ մեխանիզմ ենք ներդրել վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելությունների վարչության կողմից այլ գերատեսչությունների համապատասխան վարչության նկատմամբ։ Բովանդակային պատասխանները այսուհետ այն քաղաքացիները, ովքեր դիմել են Կառավարության աշխատակազմ, պատասխանը տրվում է Կառավարության աշխատակազմի կողմից, որը նշանակում է, որ հստակ վերահսկողություն կա պատասխանների որակի և բովանդակության վրա։

«Ազատություն». - Հիմա Դուք երաշխավորո՞ւմ եք, որ ոչ մի նամակ չի կորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի պատասխանը ստանալու է անգամ գուցե նաև ուշ։

Աղաջանյան. – Ես պարբերաբար այս հարցի վերաբերյալ քննարկումներ եմ կազմակերպում, ընդհանրապես քաղաքացիների դիմումները իմ անձնական ուշադրության ներքո են, և այստեղ ինստիտուցիոնալ մեծ բարեփոխումների տեղ կա։ Այն, ինչ մենք արել ենք այս պահին, և այն աշխատանքները, որոնք ընթանում են, կարծում եմ, այս պահի դրությամբ, տվյալ ժամանակահատվածում խոսում է իրոք արված աշխատանքի մասին։ Հետագայում մենք նաև քննարկել ենք մեկ պատուհանի սկզբունքը, որը ենթադրում է մեկ նմանատիպ կենտրոնի առկայությունը, որը մարդկանց չի տանի մի նախարարությունից մյուս գերատեսչություն և մարդիկ աջ ու ձախ չեն ընկնի։

«Ազատություն». – Հիմնականում ո՞ր ոլորտներից էր դժգոհությունը։

Աղաջանյան. – Մենք նաև այս պահին պիլոտային ծրագիր ենք իրականացնում քաղաքացիների ընդունելության վարչությունում։ Մենք մեկ ամսվա տվյալներ ենք հավաքագրում բոլոր գերատեսչություններից և փորձում ենք հասկանալ, թե տվյալ ամսվա դիմումների որ տոկոսն է որ ոլորտին վերաբերում։

Մի բան ասեմ, որը վերաբերում է ընդհանուր նամակների բովանդակությանը և բողոքների բովանդակությանը. շատ հաճախ, ըստ էության, 60-70 տոկոսը, եթե ոչ ավելին, բողոքները ունեն այնպիսի բնույթ, որոնք Կառավարության լիազորություններից դուրս են, ընդ որում, նույնիսկ օրենսդիրի լիազորություններից դուրս է։ Խոսքը հիմնականում գնում է վարկային պարտավորությունների մասին հիմնականում, գերակշիռ մասը։ Սա, այո, օբյեկտիվ խնդիր է, բայց պետք է չմոռանանք, որ այստեղ քաղաքացիները ևս իրենց բաժին պատասխանատվությունը ունեն և կրում են։ Այս խնդիրներին թերևս ամենադժվարն է լուծում գտնել՝ հաշվի առնելով Կառավարության գործառույթները։ Հաջորդը, որը ևս անուղղակի կապ ունի բանկային ոլորտի հետ, բայց միշտ չի, որ բանկային ոլորտին է առնչվում, դա քաղաքացիներն են, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ և, ըստ էության, ֆինանսական օգնություն են խնդրում Կառավարությունից, որը ևս կառավարության լիազորություններից դուրս է։ Կարծում եմ՝ խնդիրը հաճախ քաղաքացիների կողմից, օրինակ, պայմանագիր կնքելուց տվյալ պայմանագրի տեքստին բավարար չափով ծանոթանալու պակասն է։ Կարելի է արձանագրել, որ Կառավարությանը հասցեագրված խնդիրների գերակշիռ մեծամասնությունը Կառավարության լիազորություններից դուրս է։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG