Մատչելիության հղումներ

Լոնդոն. «Իրանն ապօրինաբար է կալանքի տակ վերցրել բրիտանական նավը»


Իրանի Հեղափոխական գվարդիան գրավում է Stena Impero լցանավը, Հորմուզի նեղուց։
Իրանի Հեղափոխական գվարդիան գրավում է Stena Impero լցանավը, Հորմուզի նեղուց։

Բրիտանիան հրապարակել է ռադիոկապի հատված, որն ապացուցում է, որ Stena Impero նավթակիր լցանավը կալանքի տակ հայտնվելուց առաջ իսկապես եղել է Հորմուզի նեղուցի՝ Իրանին չպատկանող հատվածում:

Բրիտանական ռազմանավը՝ «Մոնտրոսը», ռադիոկապ է հաստատել և՛ լցանավի, և՛ դրան մոտեցող Իրանի հեղափոխական գվարդիայի նավի հետ:

Իրանական պահականավը հրահանգել է․ - «Եթե ենթարկվեք հրամանին՝ ապահով կլինեք, 360 աստիճանով փոխեք ձեր ուղղությունը»:

«Մոնտրոս» ռազմանավը ռադիոկապով դիմել է լցավանին.- «Stena Impero, սա բրիտանական ռազմանավն է, թիվ 236, ես հաստատում եմ, դուք անցնում եք միջազգային ճանաչված ճանապարհով, ձեր անցումը պետք է լինի առանց խոչընդոտի, հաստատեք, որ ընդունեցիք ուղերձը»:

Ապա բրիտանական նավը դիմել է իրանական նավին՝ «Սեփահին». - «Սեփահ», սա բրիտանական ռազմանավն է: Դուք խոչընդոտում եք Stena Impero-ի անցումը, դուք դրա իրավունքը չունեք, Stena Impero-ն հիմա նեղուցում է, խնդրում եմ, հաստատեք, որ նավի անցումն ապօրինի գործողությամբ խոչընդոտելու մտադրություն չունեք»:

Ահա «Սեփահի» պատասխանը.- «Ֆոքստրոտ 236, սա «Սեփահն» է, որևէ սպառնալիք չկա, որևէ սպառնալիք չկա, ես ուզում եմ ընդամենը ստուգում կատարել անվտանգության համար»:

«Սեփահը» վերստին հավաստիացրել է, որ իր գործղությունում սպառնալիք չկա և նպատակը միայն ստուգումն է և նորից դիմել է լցանավին.- «Stena Impero, եթե ենթարկվեք, անվտանգ կլինեք, անհապաղ 360 աստիճանով փոխեք նավի ուղղությունը»:

Բրիտանիայի ծովագնացության պալատի ղեկավար Բոբ Սանգինետտին հայտարարել է, որ ռադիոկապի ձայնագրությունը ապացուցում է. բրիտանական լցանավն առգրավվել է Օմանի ջրերում, ինչը միջազգային օրենքների կոպիտ խախտում է:

Արտգործնախարար Ջերեմի Հանթը հայտնել է, որ իրանական պահականավը լցանավին ստիպել է դուրս գալ Օմանի ջրերից և ուղղություն վերցնել դեպի Իրանի ջրեր:

Իրանի հեղափոխական գվարդիան պնդում է, որ այդ քայլին է դիմել, քանի որ լցանավն, իբր, բախվել է իրանական ձկնորսական նավի հետ և շարունակել է ընթացքը:

Կալանավորված լցանավը և դրա անձնակազմի բոլոր 23 անդամները գտնվում են Բանդար Աբբասի իրանական նավահանգստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG