Իրանը հայտարարել է, որ առգրավված բրիտանական նավթակիր լցանավի անձնակազմի բոլոր 23 անդամներն ապահով վիճակում են:
Լոնդոնը պնդում է, որ բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero լցանավն Իրանի հեղափոխական գվարդիան կալանքի տակ է վերցրել Օմանի տարածքային ջրերում:
«Բոլոր 23 նավաստիները բարվոք առողջական վիճակում են, նրանք գտնվում են Բանդար Աբբասի նավահանգտսում», - ասել է Իրանի Հորմոզգանի նահանգի նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության ղեկավար Ալլահմորադ Աֆիֆիփուրմը:
Լոնդոնը բրիտանական դրոշի ներքո նավարկող Stena Impero-ի կալանքը որակել է որպես «թշնամական քայլ» և հայտարարել է, որ այն անպատասխան չի մնա:
Իրանի հեղափոխական գվարդիան հայտարարաել է, թե առգրավել է նավը, քանի որ այն չի արձագանքել օգնության մասին իրանական ձկնորսական նավի կոչին, ինչը հակասում է միջազգային ծովագնացության կանոններին:
Կալանավորված նավաստիների թվում Բրիտանիայի քաղաքացիներ չկան: Ըստ Լոնդոնի, իրանցիների կողմից կալանավորվել է Հնդկաստանի 18 քաղաքացի, Ռուսաստանի 3 քաղաքացի, Լատվիայի և Ֆիլիպինների մեկական քաղաքացի:
Հորմուզի նեղուցը համարվում է նավթի փոխադրման ամենակարևոր միջազգային ուղիներից մեկը:
Պարսից ծոցում միջադեպերը և զինված բախումների վտանգը մշտապես խուճապ են առաջացնում աշխարհում:
Բրիտանական նավի միջադեպից հետո նավթի գինը միջազգային շուկաներում բարձրացել է:
Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը հեռախոսով զրուցել է իր իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Լոնդոնի փոխանցմամբ, Հանթը «խորը հիասթափություն» է հայտնել տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: