Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայում ամերիկյան զորք է տեղակայվելու


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ջեդդա, 24-ը հունիսի, 2019թ.
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, Ջեդդա, 24-ը հունիսի, 2019թ.

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը վավերացրել է երկրում Միացյալ Նահանգների զինված ստորաբաժանումներ տեղակայելու որոշումը:

Դա առաջին նման որոշումն է 2003 թվականին Իրաքի դիկտատոր Սադամ Հուսեյնի տապալումից հետո:

Սաուդյան Արաբիան և Միացյալ Նահանգները սերտացնում են ռազմական համագործակցությունը մի ժամանակաշրջանում, երբ ծայրաստիճան վատթարացել են երկու երկրների հարաբերություններն Իրանի հետ:

«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բազմակողմանի համագործակցության ավանդույթը և ղեկավարվելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ, թագավոր Սալմանը հավանություն է տվել ամերիկյան ուժերի տեղակայմանը», - հաղորդել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը:

Սաուդյան Արաբիան այլ մանրամանսներ չի հայտնում: Մինչդեռ, ըստ Պենտագոնի, ամերիկյան որոշ ստորաբաժանումներ և Patriot տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռներ արդեն տեղակայվել են Սաուդյան Արաբիայում:

Միացյալ Նահանգները տարածաշրջանում արաբական դաշնակից մի շարք երկրներում՝ այդ թվում Կատարում, Բահրեյնում և Արաբական Միացյալ Էմիրություններում ունի ռազմակայաններ:

Սուննի մահմեդականների Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի դաշնակիցն է և շիա մահմեդականների Իրանի սկզբունքային հակառակորդը:

Վաշինգտոնի համոզմամբ, Սաուդյան Արաբիան տարածաշրջանում կարող է հակազդել Իրանի ազդեցության հզորացմանն ու տարածմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG