Մատչելիության հղումներ

Տիկնիկայինը մեծ հաջողություն է ունեցել Չեխովյան 14-րդ փառատոնում


Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայան, արխիվ
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայան, արխիվ

1998 թվականից ի վեր Ռուբեն Բաբայանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենն է և գլխավոր ռեժիսորը: Թատրոնի վերջին այս ավելի քան 20 տարիները լի էին ստեղծագործական անընդմեջ առաջընթացով, փնտրտուքներով, նորանոր ներկայացումներով, սերնդեսերունդ փոխվող հանդիսատեսով և, իհարկե, նաև բազմաթիվ հյուրախաղերով, որոնք ոչ միայն էական նշանակություն ունեն թատրոնի միջազգային ճանաչման համար, այլև համագործակցության նոր ուղիներ ու հեռանկարներ են բացում:

Օրերս «Ազատության» հետ զրույցում Ռուբեն Բաբայանը հայտնեց, որ նոր են վերադարձել Մոսկվայից, որտեղ մասնակցել են Չեխովյան 14-րդ փառատոնին՝ ներկայացնելով Դորստի «Ես այստեղ եմ» պիեսը: Ներկայացման ռեժիսորն է Տաթևիկ Մելքոնյանը, դերասանները՝ Արամ Կարախանյանն ու Միքայել Վաթինյանը:

Հայտնի է, որ Չեխովյան փառատոնը համաշխարհային բեմական արվեստի ամենախոշոր, ներկայացուցչական փառատոներից մեկն է: «Չեխովյան փառատոնը աշխարհի երեք լավագույն փառատոներից մեկն է՝ Էդինբուրգի, Ավինյոնի հետ, ըստ իս՝ ամենալավն է, որովհետև այն անունները, որ լինում են ամեն տարի՝ Ռոբերտ Ուիլսոն, և այլն, և այլն, էլ չեմ ասում՝ ռուսական թատրոնների, շատ մեծ պատիվ է: Մենք հրավիրված էինք, երևի հիշում եք, անցյալ տարի Երիտասարդական ռեժիսուրայի փառատոնին Տաթևիկ Մելքոնյանի "Я здесь"-ը ստացավ առաջին մրցանակ և հրավիրվեց Չեխովյան փառատոնին: Խաղացինք երկու ներկայացում Մայակովսկու թատրոնի սրահում՝ լեփ-լեցուն դահլիճում, երկրորդ օրը ընդհանրապես ամեն քայլափոխին ավելորդ տոմս էին հարցնում, հոյակապ ընդունելություն արեց Հայաստանի դեսպանատունը, և ներկայացումն էլ իսկապես շատ մեծ հաջողություն ունեցավ», - ասաց Բաբայանը:

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած փառատոնին, ինչպես շեշտում էր տնօրենը, շատ ուժեղ կողմով է հանդես եկել, որովհետև աշխարհի ամենատարբեր երկրներից ժամանած տասնյակ ու տասնյակ թատերախմբերը, նաև ռուսական թատերախմբերն, իհարկե, իրենց ներկայացումների վրա մեծ գումարներ են ծախսում, ինչի հնարավորությունը, ցավոք չունեն հայաստանցիները, և նրանց մնում է միայն ապավինել սեփական տաղանդին: «Ներկայացումներ, որոնց վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել, մենք եկանք մի ներկայացումով, որտեղ կար երկու հոյակապ դերասան և մի աթոռ, և շատ հուզիչ էր: Պրեզիդենտը՝ Վալերի Շադրինը, երկրորդ անգամ նայեց այդ ներկայացումը, առաջարկեց տուրնե մեծ՝ Ռուսաստանով, առաջարկեց նոր պրոյեկտներ իրագործել էդ նույն խմբով», - պատմեց Ռուբեն Բաբայանը:

Մինչ այդ էլ թատերախումբը մասնակցել էր Կրակովյան փառատոնին՝ ներկայացնելով Գոգոլի «Վհուկը». այն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին:

Ուշագրավ է, որ թատրոնի խաղացանկը կարող է առաջիկայում համալրվել հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի գործերից մեկով: «Տաթևիկ Մելքոնյանը արեց շատ մի հետաքրքիր աշխատանք՝ Օրհան Փամուկի «Ես կարմիր եմ», որը քննություն էր բեմական խոսքի, բայց այդքան հաջող է, որ կարծում եմ՝ շատ շուտով մենք դա որոշակի խմբագրումից հետո կմտցնենք թատրոնի խաղացանկ: Շատ հետաքրքիր, Օրհան Փամուկը, դե, պարզ է, մեծագույն գրող է, և շփվել այդ նյութի հետ և գտնել շատ հետաքրքիր լեզու, որը գտել է Տաթևիկը․․․ Հիմնականում՝ 90 տոկոսով ուսանողներն են իմ կուրսի, որտեղ Տաթևիկ Մելքոնյանը ևս դասախոս է, և կարծում եմ՝ դա շատ հետաքրիր աշխատանք է: Եվ շատ շուտով, կարծում եմ՝ աշնանը, մենք այդ աշխատանքը ցույց կտանք», - ասաց տնօրենը:

Ռուբեն Բաբայանը հայտնեց, որ կհանգստանան օգոստոսին, իսկ աշնանը հյուրախաղերի մի քանի հրավեր կա, դեռ չեն որոշել՝ որն ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG