Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովում, Գյումրի, 20-ը հուլիսի, 2019թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովում, Գյումրի, 20-ը հուլիսի, 2019թ․

Կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Գյումրիում ելույթ ունենալով «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովում:

Անդրադառնալով այս շաբաթ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձություններին՝ Փաշինյանն ընդգծեց․ - «Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում հնչում են ձայներ, որ, այ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց հացի փող է: Կներեք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև, հազար ներողություն եմ խնդրում, հազար դրամ վերցնող, օրինակ, երբեմնի ճանապարհային ոստիկանի հազար դրամն էլ իր ապրուստի փողն է, յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքը իր ապրուստի փողն է, կներեք՝ գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը ավազակությունն է, և ի՞նչ է առաջարկվում»:

«Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ ստեղծում ենք բավարար դաշտ, այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան: Եվ եթե այս հնարավորությունները այսօր կատարելության չեն հասել, սա ոչինչ չի նշանակում, մենք հետևողական աշխատելու ենք այս ուղղությամբ», - ասաց վարչապետը:

Նշելով, որ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց խոսի Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ - «Ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պիտի անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումը և ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»:

«Նախ ասեմ, որ այս փուլում արդեն մենք կարողացել ենք մի կարևոր քայլ անել, և խոսքը Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների, բարեփոխումների մասին է: Եվ ընդհանրապես, տնտեսական քաղաքականության մեջ մենք նաև Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և ավելի մակրոքաղաքականությունը, որը, թերևս, մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու», - ասաց վարչապետը:

«Նախ կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք ընդունեցինք, նոր շերտ ստեղծեցինք Հայաստանի տնտեսության մեջ, ոչ թե ստեղծեցինք, այլ, ավելի ճիշտ, ձևակերպեցինք՝ այն անվանելով միկրոբիզնես, և 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները, որոշակի գործունեության տեսակի ընկերությունները կազատվեն ընդհանրապես բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած՝ այս ընկերություններում ներգրավված աշխատողների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 23 տոկոս, այլ՝ 5 հազար դրամ», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով․ - «Մենք սա շատ կարևորում ենք Հայաստանի քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար, սա ըստ էության Կառավարության աջակցությունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս մակարդակը դիտում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»:

«Ուզում եմ ընդգծել, որ, օրինակ, այսօր արդեն ինքնազբաղվածների և ընտանեկան բիզնեսի դեպքում մենք այդ շեմերը բարձրացրել ենք 24 միլիոն, այսօր արդեն նրանք այդ հնարավորությունից օգտվում են, հունվարի 1-ից այդ հնարավորություններից կօգտվեն նաև 24 միլիոն շրջանառությունը չգերազանցող՝ Երևանից դուրս գտնվող առևտրային կրպակները և առևտրային գործունեություն ծավալող միկրոբիզնեսի ներկայացուցիչները՝ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր առևտրի կենտրոններում չէ, որ իրականացնում են իրենց գործունեությունը, և նրանք ըստ էության կազատվեն հարկերից», - ասաց Կառավարության ղեկավարը:

«Ես ուզում եմ սա ընդգծել, որ մեր տնտեսական քաղաքականությունը, այո, որոշակի սոցիալական ուղղվածություն նույնպես ունի: Ես ուզում եմ հատկապես ընդգծել, որ հունիսի 29-ից, հուլիսի 1-ից, ըստ էության, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներըազատվում են բոլոր տեսակի վճարներից: Սա նշանակում է՝ նրանք ամիսը Երևանքաղաքում՝ 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ ամսեկան վճարումներ անելու պարտավորությունից ազատվում են: Իհարկե, տաքսի վարելու համար նրանց անհրաժեշտ կլինի լիցենզիա ունենալ, որոշակի պայմանների բավարարել, և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է», - փոխանցեց Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ մենք բազմաթիվ մեր հայրենակիցների առանց հարկային պարտավորություններ կատարելու գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս: Եվ մենք այս հնարավորությունը տալով, բայց հույս ունենք, որ սա կլինի Կառավարություն-քաղաքացի համագործակցության, գործընկերության որոշակի չափանիշ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար այս քաղաքականությամբ մենք բացում ենք որոշակի տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն, որոշակի օրինական տնտեսական գործունեություն վարելու հնարավորություն: Եվ տնտեսական էն համակարգը, որը կապված էր ուղղակիորեն, արմատապես, օրգանապես կապված էր կոռուպցիոն համակարգի հետ, երբ որ տարբեր շարժառիթներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներքաշում, ներգրավում էին ապօրինի գործունեության մեջ, մենք այդ գործունեության ձևերին ուղիղ ձևով վերջ ենք տալու: Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ այստեղ կոմպրոմիս չի լինելու», - հայտարարեց վարչապետը:

«Բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ մեր պատկերացումները ապագայի մասին, մեր տնտեսության կառուցվածքի մասին, մեր երկրի այսօրվա տնտեսական վիճակի հաղթահարման մասին ամենևին էլ միկրոբիզնեսի շուրջ չի կենտրոնացած: Մենք մեր երկրի ապագան տեսնում ենք արդյունաբերացման մեջ, մեր երկիրը պետք է լինի արդյունաբերական երկիր, և այս առումով մենք առաջիկայում կենտրանանալու ենք հենց Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը, բոլոր տիպի արդյունաբերությունները զարգացնելու համար: Եվ այս համատեքստում հատկապես կարևորում եմ, որ Հարկային օրենսգրքում մենք սահմանեցինք համահարթ եկամտահարկ, և անկախ աշխատավարձի չափից՝ վճարվելու է այսուհետ համահարթ եկամտահարկ», - ասաց Փաշինյանը` շարունակելով․ - «Գիտեմ, որ դրա հետ կապված նույնպես կան որոշակի մտահոգություններ, որովհետև դրա արդյունքում գալիք տարվա հունվարի 1-ից 146 հազար մարդու աշխատավարձերը կավելանան, բայց նրանք մեր աշխատողների մեծամասնությունը չեն, այլ փոքրամասնությունը»:

«Արդյոք արդարացված չեն համահարթ եկամտահարկի հետ կապված քննադատությունները: Կարծում եմ` մենք ճիշտ որոշում ենք կայացրել: Հայաստանում լայնորեն տարածված է ստվերային աշխատավարձի պրակտիկան, համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս ենք ստեղծում, որպեսզի գործատուները և աշխատողները կարողանան ստվերը դուրս բերել: Պետք է որոշակի ժամանակ սպասենք` հասկանալու համար, թե հարաբերակցությունն ինչպես է փոխվում: Առաջիկա տարիներին մենք համահարթ եկամտահարկի շեմն իջեցնելու ենք` դարձնելով 20 տոկոս, այսինքն բոլորի համար է եկամտահարկը նվազում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ժամանակը ցույց կտա համահարթ եկամտահարկի կիրառման արդյունավետությունը:

Վարչապետը նշեց, որ այսպիսի քաղաքականության որդեգրումը կապված է նաև Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ կառավարության պատկերացումներով: «Մեզ մեղադրում են, թե այս քաղաքականությունը վարվում է բարձր աշխատավարձեր ստացողների համար: Մենք ասում ենք, որ հենց բարձր աշխատավարձերի քաղաքականություն ենք վարում: Երբ ասում ենք, որ կառուցելու ենք տեխնոլոգիական երկիր, նաև համարում ենք, որ ցածր աշխատավարձային սեգմենտ չպետք է լինի, աշխատանքի շուկան պետք է աչքի ընկնի բարձր աշխատավարձերով և որակյալ աշխատողներով: Այս խնդրի լուծման համար մեր ռազմավարական պատկերացումը մեր երկրի արդյունաբերականացումն է և պետք է լուծենք խնդիրը, թե ինչպես ենք աջակցելու արդյունաբերությանը և արտահանում իրականացնող արտադրություններին», - հայտարարեց Կառավարության ղեկավարը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG