Մատչելիության հղումներ

Կիևը Մոսկվային առաջարկում է միաժամանակ ազատ արձակել Սենցովին և Վիշինսկուն


Օլեգ Սենցով (ձախից), Կիրիլ Վիշինսկի
Օլեգ Սենցով (ձախից), Կիրիլ Վիշինսկի

Ուկրաինայի նախագահի աշխատակազմը Ռուսաստանի իշխանություններին առաջարկել է միաժամանակ ազատ արձակել Ռուսաստանում ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովին և Կիևում ձերբակալված «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա»-ի ղեկավար Կիրիլ Վիշինսկուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Յուլիա Մենդալը:

Այսպիսով Կիևը արձագանքում է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի առաջարկությանը՝ որպես երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման առաջին քայլ ազատ արձակել Վիշինսկուն:

«Լիովին աջակցում ենք բարի կամքի քայլերին ուղղված քաղաքականությանը և առաջարկում Ռուսաստանին անել իր պատասխան քայլը՝ ազատ արձակել Օլեգ Սենցովին: Եվ ընդհանուր բարի կամքի, փոխադարձ վստահության համար առաջարկում ենք դա անել միաժամանակ», - գրել է Մենդալը:

Ղրիմում ծնված ուկրաինացի Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի օգոստոսին՝ Ռուսաստանի կողմից թերակղզին բռնակցելուց հետո: Ռուսաստանի իշխանությունները պնդում են, թե Ղրիմի ռուսամետ իշխանությունների ընդդիմախոս 42-ամյա ռեժիսորը մի քանի այլ անձանց հետ հրդեհել է ոստիկանական բաժանմունքն ու ահաբեկչություններ ծրագրել Ղրիմում, սակայն այս մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չեն հրապարակվել:

Կիրիլ Վիշինսկին ձերբակալվել է 2018 թվականի մայիսին: Ուկրաինայի իրավապահները նրան մեղադրում են դավաճանության մեջ:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից ի վեր ռուսաստանյան և ուկրաինական իշխանությունների կողմից ձերբակալվել են երկու երկրների հարյուրավոր քաղաքացիներ: Վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են գերիներին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով ազատ արձակելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG