Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիան ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. Վանեցյան


Բողոքի ակցիա Իջևանում, 18-ը հուլիսի, 2019 թ.

Երեկոյան լարված մթնոլորտ ստեղծվեց Իջևանի կենտրոնական հրապարակում՝ այն բանից հետո, երբ մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությունից դուրս եկան Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։

Մի խումբ քաղաքացիներ, ովքեր այսօր ողջ օրը նշում էին, թե որևէ տեղեկություն չունեն երեկ ոստիկանություն բերման ենթարկվածների մասին, ոստիկանապետի հետ հանդիպում էին պահանջում, փակեցին հարակից մայրուղին։ Կարճ ժամանակ անց, սակայն, ոստիկանությունը մեծաթիվ ջոկատների օգնությամբ կարողացավ բացել ճանապարհը։

Քիչ անց բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեց Հայաստանի ոստիկանապետը, ասաց, որ իրենց բոլոր գործողությունները իրավաչափ են և երեկվա միջադեպի բոլոր մասնակիցները ստանալու են համապատասխան իրավական գնահատական։ Նա քաղաքացիներին հորդորեց չանել անօրինական քայլեր՝ զգուշացնելով, որ ոստիկանությունը ուժ կկիրառի։

Երեկ ոստիկանությունը բերման էր ենթարկել 39 մարդու։ Այսօր կեսօրին քաղաքի հրապարակից բերման ենթարկվեց ևս երկու քաղաքացի, ըստ ականատեսների, իրենց համար անհասկանալի պատճառներով։

Սակայն «Ազատությանը» տված հարցազրույցում թե՛ ոստիկանապետը, թե՛ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը նշեցին, որ իրենց գործողությունները իրավաչափ են եղել և այժմ իրավապահներից թաքնվողներ կան, և իրենք բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկեն նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

«Ոստիկանության խնդիրներից մեկն է կանխարգելիչ աշխատանք։ Մենք այս պահին իրականացնում ենք դա», - նշեց Օսիպյանը։

«Ազատության» հարցին՝ երեկ բերման ենթարկվածների հարազատները նշում էին, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն նրանց մասին, ի՞նչ կարող է ասել նրանց, Օսիպյանը պատասխանեց. «Ապահով վայրում են գտնվում, կարող են չանհանգստանալ։ Որևէ զիջում չի լինելու, հստակ է դրված խնդիրը, մենք թույլ չենք տալու ապօրինություններ և խստագույնը պատժվելու է այն, ով կխախտի օրենքը։ Սա անքննարկելի է և այլ տարբերակ չկա»։

Օսիպյանը նշեց, որ պնդում է, որ տեղի ունեցածը և բողոքի ակցիայի մասնակիցների պահանջները ոչ իրավաչափ են։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցների պահանջն անօրինական համարեց և նշեց, որ անտառները պահպանելու հարցում որևէ զիջման չեն գնալու։ Ակնարկեց, որ անտառը հատող և բողոքի դուրս եկող քաղաքացիների հետևում թաքնվում են «կոռուպցիոն և «կրիմինալ» խմբավորումներ։

«Երեկ դուրս եկած մարդիկ ավելի շատ այն միջնորդներն են, ովքեր սնում են այդ կոռուպցիան և կրիմինալը։ Կոռուպցիա ասելով ի նկատի ունեմ էն պաշտոնյաներին, որոնք կարող են թույլ տալ իրենց զբաղվել անօրինական գործողությամբ։ Այո, մենք առայսօր չենք կարողացել լիարժեք ազատվել և ձերբազատվել այդ պաշտոնյաներից, բայց մենք այդ ճանապարհի վրա ենք, դրա համար էլ այս դիմադրությունը առկա է», - ասաց Չոբանյանը։

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ևս լրագորղների հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիան ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք էր։

«Մեր մարզ այցելելուց և այս խորհրդակցությունը անցկացնելուց հետո ամենևին չի նշանակում, որ այդ ամեն ինչը մոռացվեց և մեղավորները չեն բացահայտվելու և չեն պատժվելու։ Այսօր կառավարության նիստի ընթացքում հնչեց մարդկանց քանակ՝ 39 անձինք, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել նշված ակցիայի կազմակերպմանը, նրանցից 19-ը, եթե չեմ սխալվում, բերման են ենթարկվել, այսօրվա ընթացքում ևս 3 թե 2 հոգի բերման է ենթարկվել։ Մնացած մի քանի անձինք, որոնք թաքնվում են իրավապահներից, համոզված եմ՝ կա՛մ իրանք կգան ինքնակամ կներկայանան, կա՛մ, իրանց տեղը գտնելը դժվարություն չի մեզ համար, ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կհայտնաբերվեն և կկանգնեն օրենքի առջև», - նշեց Վանեցյանը։

ԱԱԾ պետը ընդգծեց, որ իրենց այցելությամբ ցանկացել են Տավուշի մարզի բնակիչների ուշադրությունը գրավել, որ բարձրացրած խնդիրները իրենց ուշադրության կնետրոնում են և առաջիկայում ստանալու են լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը։

«Ազատության» հարցին, թե պաշտոնյաների շրջանակ է տարիներ շարունակ նշվել, ովքե՞ր են, ժամանակը չի՞ նշել նախկին քաղաքական շրջանակների անունները, Վանեցյանը պատասխանեց. «Անպայման կնշվի, գործերը կքննվեն։ Ես անուններ չեմ հրապարակելու»։

Հարցին էլ՝ իրենց հայտնի՞ են անունները, ԱԱԾ տնօրենը արձագանքեց. «Իհարկե, հայտնի է։ Բիզնեսի տերերը նույն գործերի շրջանակներում բացահայտվելու են համոզված եղեք և հավատացեք, որ ամբողջական, խորը քննություն է տարվելու և բոլոր գործերը բացահայտվելու են»։

Երեկ բերման ենթարկված քաղաքացիների հարազատները խումբ-խումբ հավաքված էին մարզպետարանի հարակից հրապարակում և նշում էին, որ տեղեկություններ չունեն ոստիկանությունում գտնվողների վերաբերյալ։

«Մենք ուզում ենք իմանանք՝ բռնված էրեխեքը ոնց են ու ինչ վիճակում են։ Նրանց լրիվ տարել են տկլոր վիճակում, առանց հագուստի։ Մեր կարծիքով, հոսանքը ընդհանուր անջատել են փողոցի ու ոստիկաններից, 100 տոկոս համոզված եմ, որ մեծամասնությունը փոխել է իր համազգեստը, մտել ժողովրդի մեջ ու հրահրել, իբր ժողովուրդն է կազմակերպել», - նշեց հավաքվածներից մեկը։

Իջևանցիները, որոնք երեկ բողոքում էին անտառահատումների սահմանափակումների դեմ, ասում են՝ շարունակելու են իրենց պայքարը, քանի դեռ աշխատատեղեր ու ապրելու այլ միջոցներ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG