Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի նախագահը չմեկնաբանեց վարչապետի հայտարարությունները


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը հուլիսի, 2019թ․
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 18-ը հուլիսի, 2019թ․

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը այսօր հրաժարվեց մեկնաբանել «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները:

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», - հայտարարեց Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում՝ ընդգծելով․ - «Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը»:

Հարցին՝ իսկ հրաժարականի մասին քննարկումներ կա՞ն, Սահմանադրական դատարանի նախագահը հակադարձեց․ - «Իսկ էնտեղ էդպիսի բան ա՞ եղել»:

Հարցին էլ՝ իսկ ի՞նքն ինչպես է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը պատասխանեց․ - «Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:

«Երբ որ ես գտնեմ, որ կա անհրաժեշտություն, ես հարցազրույց կտամ», - նշեց Թովմասյանը:

Բացառո՞ւմ է արդյոք, որ ինքը, Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան՝ այս առնչությամբ Հրայր Թովմասյանն ասաց․ - «Իսկ Դուք բացառում ե՞ք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում, Դուք բացառում ե՞ք, որ վաղը աշխարհը շուռ կգա: Այդ Ձեր հարցը էդ դասից ա: Շնորհակալություն»:

Հայաստանի վարչապետը երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ծավալուն անդրադարձ կատարեց Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, մասնավորապես, որ «Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը», և ՍԴ-ն «այս սեփականաշնորհված բուդկայի կարգավիճակից պետք ա դուրս գա»:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG