Մատչելիության հղումներ

Օրենսդիրները Թրամփին քննադատում են ռասիզմի համար


ԱՄՆ կոնգրեսականներ Այանա Փրեսլին, Իլհան Օմարը, Ռաշիդա Թլաիբը և Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, Վաշինգթոն, 15 հուլիսի, 2019թ.
ԱՄՆ կոնգրեսականներ Այանա Փրեսլին, Իլհան Օմարը, Ռաշիդա Թլաիբը և Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը, Վաշինգթոն, 15 հուլիսի, 2019թ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 240 կողմ, 187 դեմ քվեների հարաբերակցությամբ ընդունել է հայտարարություն, որով քննադատում է նախագահ Դոնալդ Թրամփի ռասիստական մեկնաբանությունը:

Օրենսդիրներին զայրացրել է նախագահի թվիթերյան աղմկահարույց գրառումը, որով նա առաջարկել է մի խումբ կին կոնգրեսականներին «վերադառնալ լիովին ձախողված և հանցավորության ճիրաններում հայտնված այն տեղեր, որտեղից նրանք ժամանել են Ամերիկա»:

Թրամփի այդ գրառումը հասցեագրվել է Նյու Յորքից ընտրված Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին, Մինեսոթայից Իլհան Օմարին, Մասաչուսեթսից Այանա Փրեսլիին և Միչիգանից Ռաշիդա Թլաիբին:

Նրանք բոլորը Միացյալ Նահանգների լիիրավ քաղաքացիներ են, օրենսդիրներ։ Չորսից երեքը ծնվել են հենց Ամերիկայի տարածքում, իսկ Իլհան Օմարի ծննդավայրը Սոմալին է, սակայն դա օրենքի տեսակետից խոչընդոտ չէ Կոնգրես ընտրվելու համար:

Ակնհայտ է, որ Թրամփի Թվիթի թիրախը Սպիտակ տան քաղաքականությունը քննադատող օրենսդիրներ են, ովքեր ունեն հարավամերիկյան, արաբական կամ աֆրիկյան արմատներ: Նշված քառյակը մշտապես քննադատում են նախագահին:

Թրամփի այդ գրառումը կոնգրեսականները որակել են «ռասիստական»: Թեխասից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը երեկ վերստին խոսել է Թրամփին իմպիչմենթի ենթարկելու անհրաժեշտության մասին:

«Դոնալդ Ջոն Թրամփին պետք է պաշտոնանկ անել, քանի որ նա ունակ չէ լինել նախագահ, նա չի համապատասխանում արժանապատվության, պարկեշտության, բարոյականության, ազնվության, հարգանքի և հեղինակության ամերիկյան արժեքներին, նա չի կարող պաշտպանել այն արժեքները, որոնք Ամերիկան մեծ են դարձրել: Նա չի կարող կատարել յուրաքանչյուրի ազատությունը երաշխավորելու և յուրաքանչյուրի համար արդարություն ապահովելու երդման ժամանակ տված խոստումը», - ասել է Ալ Գրինը:

Երեկվա այդ հայտարարությունը, որին դեմ է քվեարկել հանրապետականների մեծ մասը, գործնականում սոսկ խորհրդանշական է և Թրամփի համար խնդիր չի ստեղծում, բայց, իհարկե, տհաճությամբ է ընդունվել Սպիտակ տանը:

Սպիտակ տան ավագ խորհրդական Քելիեն Քոնվեյը պնդում է, որ Թրամփը ռասիստ չէ և նրա գրառումներում վիրավորական մեկնաբանություններ չկան:

«Ավելի քան երեք տարի է ես նրա կողքին եմ, ես երբեք այդ մարդուց ռասիստական որևէ բան չեմ լսել», - ասել է Քոնվեյը:

Ի դեպ, բուն հանրապետականների շրջանում Թրամփի վարկանիշը նույնիսկ բարձրացել է այդ գրառումից և դրա շուրջ ծագած աղմուկից հետո և հասել է 72 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG