Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Գերմանիայի կանցլերին ծննդյան օրվա կապակցությամբ


Հայաստան - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում, 24-ը օգոստոսի, 2018թ․
Հայաստան - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևանում, 24-ը օգոստոսի, 2018թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ուղերձներ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան օրվա կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս: Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են: Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփոխումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրոպական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ: Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործընկերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»:

Հայաստանի վարչապետը Գերմանիայի կանցլերին և նրա ընտանիքին մաղթում է խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք։

Նախագահի գրաենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում: Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն բազմաթիվ գնահատականները, որոնց Դուք արժանացել եք աշխարհի առաջատար համալսարանների կողմից: Անհերքելի է Ձեր մեծ ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Վերջին տարիներին Ձեր հետևողական ջանքերի շնորհիվ առավել ակտիվ և բովանդակալից է դարձել մեր երկրների համագործակցությունը: Հավատացած եմ, որ հետագայում ևս հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շարունակելով նպաստել մեր երկրների գիտության, նոր տեխնոլոգիաների և մեզ հոգեհարազատ քվանտային ֆիզիկայի զարգացմանը»:

Սարգսյանը Մերկելին մաղթել է առողջություն և հաջողություն հետագա գործունեության մեջ:

Գերմանիայի կանցլերը այսօր դարձավ 65 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG