Լիբանանահայ Սարգիս Ջուլֆայանը տարբեր առարկաներից, հիմնականում՝ դեն նետված, անպետք իրերից, հին լուսանկարներից, ամսագրերից, կոլաժներ է ձևավորում՝ դրանց միջոցով ստեղծելով ուրույն պատմություններ:
Իր աշխատանքներից չորս տասնյակը նա ցուցադրել է Բեյրութի սրճարաններից մեկում բացված ցուցահանդեսում՝ կոչելով այն «Միստիկ ստեր»:
«Անկեղծ ասած, ես ինքս ինձ գտել եմ այդ շրջանակներում: Առարկաները մի տեղ հավաքելով՝ շրջանակի մեջ կամ հին արկղերում, պատմություններ եմ հորինում: Ես դրանք հավաքում են այնպես, որ յուրաքանչյուրը սյուժետային գիծ ունենա, պատմություն ունենա: Ես գիտեմ՝ մարդիկ լավ չեն հասկանում, թե ինչ են դրանք իրենցից ներկայացնում, որովհետև գեղանկարներ չեն, քանդակներ չեն, կամ կոլաժներ, ինստալյացիաներ չեն՝ դրանք բոլոր այդ էլեմենտների խառնուրդ են՝ նկարչության, կոլաժների, ինստալյացիաների համակցում: Ի վերջո, ես ստեղծում եմ ինչ-որ կախարդանք քաոսի ներսում, բայց դրանք պատահական ձևով չեն տեղադրված, և արդյունքում մեծ պատկեր է ստացվում», - Reuters-ին ասել է Սարգիս Ջուլֆայանը:
Սրճարանի սեփականատեր Լիլիան Ռահան ասել է․ - «Նրա հրաշալի գործերի գրավչությունն այն է, որ կարող ես մի քանի անգամ նայել, ժամերով նայել և շրջանակների ներսում շատ պատմություններ հայտնաբերել, որ նա ստեղծում է: Որովհետև լքված տների առարկաներում շատ պատմություններ կան: Ցուցահանդեսի «Միստիկ ստեր» անվանումից էլ երևում է, որ այդ ամենը սուտ է, բայց հիմնված է ճշմարիտ պատմությունների վրա: Ամեն մի գործին յուրաքանչյուր ոք կարող է սեփական մեկնաբանությունը տալ»:
36-ամյա Սարգիս Ջուլֆայանը իր խանութում սկսել է ստեղծագործել երեք տարի առաջ: Նա ասել է, թե ռեալիստական կամ էմոցիոնալ ոճով ցանկանում է փոխանցել էությունը և հույս ունի, որ իր շրջանակները, տարրերի կոլաժները տեղ կգտնեն համաշխարհային արվեստում: