Կրեմլում հետևում են Մոսդումայի շուրջ ընթացող զարգացումներին, սակայն Կրեմլը լիազորություններ չունի միջամտելու համար, սա ընտրական հանձնաժողովի գործն է, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսդումայի ընտրություններին 27 անկախ թեկնածուների, այդ թվում հայտնի ընդդիմադիրներ Դմիտրի Գուդկովին, Իլյա Յաշինին, Ալեքսեյ Նավալնու թիմակիցներ Լյուբով Սոբոլին և Իվան Ժդանովին: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ այդ թեկնածուներին ներկայացրած ստորագրություններն անվավեր են:
Ընդդիմադիրները հայտարարում են, որ սա քաղաքական որոշում է և խոստանում են շարունակել պայքարը: Անկախ թեկնածուների պնդմամբ ստորագրությունները կեղծել են հենց ընտրական հանձնաժողովում՝ ստուգելու ժամանակ, ավելացնելով հավելյալ թվեր հասցեներում, և տառեր՝ ազգանուններում, ինչի հետևանքով էլ այդ ստորագրություններն անվավեր են ճանաչվել:
Մասնավորապես, Գուդկովի թիմի ներկայացուցիչներն ասում են, թե 2400 անվավեր ճանաչված ստորագրություններից առնվազն կեսը հանձնաժողովի օպերատորների սխալներն են:
Երեկ ընդդիմադիր թեկնածուներն ու նրանց աջակիցները նորից հավաքվել էին Մոսկվայի կենտրոնում՝ Տրուբնայա հրապարակում, իսկ կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, երթ էին կազմակերպել Մոսկվայի կենտրոնում:
Կիրակի երեկոյան ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ցրել էր ընդդիմադիրների հավաքը:
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի մի շարք մարզերում և քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, բոլոր հարցումների համաձայն, չի վայելում ռուսաստանցիների մեծամասնության աջակցությունը, և փորձագետների կարծիքով՝ հատկապես դաշնային նշանակության քաղաքներում և մարզերում իշխանությունները հնարավորը կանեն ընդդիմադիրների մասնակցությունը ընտրություններին խոչընդոտելու համար: