Մատչելիության հղումներ

«Սանիթեքը» քաղաքապետարանին է մեղադրում ֆինանսական դժվարությունների համար


Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանը միայն այս տարի արդեն 7 անգամ տուգանել է, ընդհանուր առմամբ ավելի քան 90 միլիոն դրամով։ Մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող ընկերությունից պնդում են, որ իրենց ֆինանսական դժվարությունների համար մեղավոր է նաև քաղաքապետարանը։

«Այս պահին ընկերությունում առկա են ֆինանսական դժվարություններ, որոնք պայմանավորված են նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված, ոչ համաչափ սանկցիաներով և չհիմնավորված տուգանքներով», - այսօր հայտարարել է «Սանիթեքը»:

Քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում Մարությանն անդրադարձել էր տեղեկությանը, թե «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կիրառած տուգանքների պատճառով։

«Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել», - հայտարարել էր Մարութանը:

«Սանիթեք»-ից հակադրաձում են քաղաքապետին՝ ընկերությունը ոչ մեկի հետ շանտաժի լեզվով չի խոսել և չի խոսում։ Ասում են՝ ենթակապալառուների նկատմամբ վճարային պարտավորություններն այս պահին հնարավորություն չունեն կատարել բացառապես քաղաքապետարանի ոչ կառուցողական գործողությունների հետևանքով։

Քաղաքապետարանում պնդում են՝ ենթակապալառուների հետ առնչվող խնդիրը նոր չէ, իսկ իրենց կողմից կիրառվող տույժերն էլ՝ իրավաչափ են։

«Ենթակապալառուների վճարի հետ կապված խնդիրներ եղել են նախկինում էլ, երբ քաղաքապետարանն էսքան ինտենսիվորեն չէր կիրառում սանկցիաները, իսկ ինչ վերաբերում է սանկցիաների հիմնավորվածությանը, ապա պետք է նշեմ, որ այդ տույժերը, պահումները սահմանված են Երևանի և «Սանիթեք» ընկերության միջև կնքված պայմանագրով», - «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Վերջին շրջանում լրատվամիջոցների հետ շփումից խոսափող «Սանիթեք»-ում պատրաստվում են «աննախադեպ մասշտաբների մամուլի ասուլիս» հրավիրել, ասում են՝ ասուլիսին կներկայացվեն բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում` բանակցային գործընթացի շահերից ելնելով:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասում է՝ քաղաքապետարանը վերջին շրջանում անընդհատ փորձում է «Սանիթեքից» տեղեկանալ՝ արդյոք պատրաստվում են համալրել իրենց տեխնիկական միջոցներն ու կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները։

«Պատասխանը կամ միշտ անորոշ է լինում կամ բացասական, և կարծում եմ, որ «Սանիթեք» ընկերությունը այս ծայրահեղ վատ վիճակից իրեն և քաղաքը դուրս բերելու համար պետք է մտածի այդ ուղղությամբ, և եթե այդ քայլերը չարվեն նույնիսկ տիեզերական մասշտաբի մամլո ասուլիսներ կամ հաղորդագրություններ չեն օգնի քաղաքին», - մեկնաբանեց Կարապետյանը:

Ի դեպ, «Սանիթեքը» 2 տարբեր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Ընկերությունը պահանջում է մոտ 65 միլիոն դրամ բռնագանձել քաղաքապետարանից: Երևանի ավագանու ընդդիմադիր 2 խմբակցությունները «Սանիթեքի» ու քաղաքապետարանի միջև ընթացող հակամարտությունը ժամանակի վատնում են համարում։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել:

«Եթե «Սանիթեքի» հետ կապված կա լուծելի խնդիր, այդ խնդիրը պետք է լուծվի, եթե նման բան չկա, ապա ինչպես շատ վաղուց մենք պնդել ենք, պայմանագիրը պետք է լուծարվի «Սանիթեքի հետ», - ասում է Խաժակյանը:

Ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» անդամ Հռիփսիմե Առաքելյանն ասում է, եթե կա պայմանագրի կետերի խախտում, ապա «Սանիթեքը» պետք է իրավական դաշտում կրի որոշակի պատասխանատվություն։

«Ի՞նչն է խնդիրը, որ եթե կա այդ խնդիրը, մենք չենք սկսում այդ գործընթացը: Ասում են՝ «Սանիթեքը» կարող է սաբոտաժ անի՝ չաշխատի: Ոչ, ըտենց բան ես ենթադրում եմ՝ չի կարող անել, որովհետև դատական գործընթացները եթե սկսվում են, շարունակվում են, մինչև վճռի առկայությունը «Սանիթեքը» պարտավոր է իր պարտականությունները կատարել», - պնդեց Առաքելյանը:

Երևանի աղբահանությամբ վերջին ամիսներին նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության նորաստեղծ հիմնարկն է զբաղվում։ Աղբահավաք մեքենաների թիվը հինգն է, սպասում են նոր բեռնատարների ներկրմանը։ Քաղաքապետարանում ասում են՝ մինչև ամսվա վերջ ևս 5-7 մեքենայով կհամալրվի հիմնարկը, իսկ օգոստոսին էլ ակնկալում են մնացած 19 մեքենան։

Մինչ այդ քաղաքի տարբեր հատվածներում աղբն աղբարկղերում ու դրանցից դուրս ժամերով է մնում, արձագանքներն էլ Ֆեյսբուքում են հայտնվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG