Մատչելիության հղումներ

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են հայտնվել Գյումրիի շուկայի մսի վաճառքի կետերը


Սննդի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են հայտնվել Գյումրիի շուկայի մսի վաճառքի կետերը: Մի քանի օր առաջ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումներն արձանագրել ու ժամկետ էին տվել, որ տնտեսվարողները դրանք վերացնեին:

Թեև վերջնաժամկետը հուլիսի 25-ն էր, սակայն սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցը որոշել էր չսպասել այդ օրվան ու տեսնել՝ արդյոք մսի վաճառքի կետերում փոփոխություն կա՞, թե՞ ոչ:

Մսավաճառների հիմնական խնդիրը, որը լրացուցիչ ծախսի հետ է կապված, սառնարանների տեղադրումն է:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը զգուշացրեց, որ եթե հուլիսի 25-ին տնտեսվարողները չապահովեն անհրաժեշտ պայմանները, ապա նրանց գոծունեությունը կդադարեցվի:

«Եթե 25-ին այս կամ այն տնտեսվարողը, մսի իրացման կետի աշխատողը մեր տված հանձնարարականները չի անում, ուրեմն միանշանակ տվյալ մսի կետի գործունեությունը կասեցվելու է», - նշեց Մկրտչյանը։

Մսի փորձաքննության անցկացման վերաբերյալ կասկածներ կան՝ արդյո՞ք դրանք ձևական բնույթ չեն կրում:

«Ինձ հասած տվյալներով երկու լիցենզավորված կառույցներ կան, որոնք շուտով նորից մեր կողմից դիտարկման են արժանանալու, եթե ինչ-որ տեղ մենք գտնենք, որ տվյալ փորձաքննություն իրականացնող մարմինը չունի այն հնարավորությունը, չունի այն սարքավորումները, չունի այն մասնագետները, որոնցով կարող է պատեհ փորձաքննություն իրականացնել, մենք կդադարեցնենք նրանց փորձաքննություն իրականացնելը», - ասաց Մկրտչյանը։

«Ազատության» հարցին՝ այդ փորձաքննությունը ձևական բնույթ չի կրո՞ւմ, Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետը պատասխանեց. «Եկեք չմտածենք ձևական բնույթը մինչև մեր դիտարկման ավարտը»։

Մսի վաճառքի կետերից բացի սննդի անվտանգության տեսչական մարմինը նաև հացի ու կաթնամթերքի վաճառքի շուկան կսկսի թիրախում պահել:

«Ես տեսնում եմ, որ նաև փողոցում վաճառվում է հում կաթ, փողոցում վաճառվում է հաց ուղղակի մեքենայի մեջ լցված։ Ժողովուրդ, իհարկե, էսի անընդունելի բան է, դրա համար եմ ասում՝ շուկայի հետ կապված հետևողական ախատանքները միանշանակ շարունակական բնույթ է կրում», - նշեց Մկրտչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG