Մատչելիության հղումներ

Քարցրաշենցիները ոռոգման ջուր են պահանջում, ասում են՝ այգիները չորանում են


Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր կառավարության առջև բողոքի ակցիա էին կազմակերպել, նրանք պնդում էին, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ոռոգման ջրի խնդիր ունեն, այգիները չորանում են: Բնակիչների խոսքով՝ այնտեղ ջրամատակարարում իրականացնող «Արտաշատ» ՋՕ-ն ջրատարերի մաքրման աշխատանքներ է իրականացնում:

«Իրանք ասում են՝ ի վիճակի չենք, կանալի ջուրը կեղտոտ ա, «Ջրառն» ա մեղավոր, պետք ա Երևանի կողմից մաքրելով գան, մաքրում են Արարատի կողմից, գալիս են դեպի Երևան, որ էդ տիղմը էլի գա, լցվի», - ասում էր ցուցարարներից մեկը:

Ակցիայի մասնակիցների խոսքով ջրատարերի մաքրման աշխատանքներն անորակ են իրականացնում, խնդիրն էլ չի լուծվում: Քաղցրաշենցիներն ասում են՝ իրենց չի հետաքրքրում, թե ՋՕ-ն ինչ աշխատանքներ է կատարում, իրենց միակ պահանջը ջուր ունենալն է:

Նրանց լսելու եկավ ՋՕԸ աջակցող թիմի համակարգող Կարեն Դադոյանը, հայտնեց, որ բողոքող քաղաքացիների մի մասը ՋՃ-ի հետ պայմանագիր չունի և ջուր ստանալ փաստացի չի կարող: Դրան ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները ցույց տվեցին իրենց ջրի վարձի վճարների կտրոնները՝ շեշտելով, եթե ջուր ստանալու իրավունք չունեն, ապա ինչու են իրենցից վճարում ընդունել: Զրույցը վեճի վերածվեց։

Դադոյանն «Ազատությանը» հայտնեց՝ ՋՕ-ն պարտավոր չէ պայմանագիր չունեցող գյուղացիներին ջուր տրամադրել: - «Միշտ պայմանագրերի կնքումը ձգձգվումա և գյուղացիներին ամեն անգամ համոզել են, խնդրել են, ջուր են տվել, որ գան կնքեն: Էս տարի էդ գործընթացը ձգձգվելա և էսօր փաստորեն ¼-ի չափովա պայմանագիր կնքվել», - հայտարարեց նա:

Քաղցրաշենցիներին Դադոյանի պատասխանները չբավարարեցին, նրանք որոշեցին փողոց փակել ի նշան բողոքի, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG