Մատչելիության հղումներ

Մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբորորդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով շորթման մեջ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս տարվա հուլիսի 4-ին՝ ժամը 02:00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ՝ մեջքի շրջանի փափուկ հյուսվածքների բազմաթիվ քերծվածքների, ճակատային, ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: Նա պատմել է, որ նախորդ օրը ժամը 19:30-ի սահմաններում բռնության է ենթարկվել Նարեկ Կարապետյանի և նրան ուղեկցող երեք այլ անձանց կողմից, իսկ ժամեր անց՝ գիշերը, Կարապետյանը թվով 10 անձանց հետ իրեն և ընկերոջը ծեծի է ենթարկել, սպանության սպառնալիքներ տալով շորթմամբ պահանջել առանձնապես խոշոր չափի գումար:

Ըստ Քննչական կոմիտեի՝ օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա Նարեկ Կարապետյանը շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ և պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար: Մերժում ստանալով՝ Կարապետյանը զանգահարել է տուժողին և հանդիպման կանչել Երևան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև այլ անձինք, տուժողի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու և նրա հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով շորթման հատկանիշներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցների գործարար Վահե Պարազյանն էր պատմել, որ բռնության է եթնարկվել Նարեկ Կարապետյանի կողմից, քանի որ հրաժարվել է վճարել 10 միլիոն եվրո:

Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի որդին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG