Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը՝ կրկին սկանդալի կենտրոնում․ Թրամփին մեղադրում են ռասիզմի մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել ընդդիմախոսների հասցեին հերթական հայտարարությունների պատճառով: Սպիտակ տան ղեկավարին մեղադրում են ռասիզմի մեջ:

Դոնալդ Թրամփը մասնավորապես թվիթերյան մի գրառմամբ մի խումբ կոնգրեսական կանանց, որոնց ծնողները միգրանտներ են, առաջարկել է հեռանալ` վերադառնալ այնտեղ, որտեղից սերում են:

Միացյալ Նահանգների նախագահը թեև անուններ չի նշել, սակայն առանց այդ էլ հասկանալի է, թե ում հատկապես նկատի ուներ նա: «Միացյալ Նահանգների Կոնգրեսի այսպես կոչված առաջադեմ դեմոկրատները», - հեգնել է Թրամփը՝ հավելելով, թե «նրանք ծնունդով այնպիսի երկրներից են, որտեղ կառավարությունը աղետ է»: Ամերիկացի առաջնորդն առաջարկել է նախ վերադառնալ նախնիների հայրենիք՝ այնտեղ կարգ ու կանոն հաստատել, հետո միայն քննադատել Միացյալ Նահանգները:

Թրամփի գրառման հասցեատերերը մասնավորապես չորս կանայք են՝ նրանց համարում են Դեմոկրատական կուսակցության առաջադեմ թևը, նրանք Միացյալ Նահանգների նախագահի ամենակոշտ քննադատներն են. կիսով չափ պուերտոռիկացի Ալեքսանդրա Օկազիո-Կորտես, ով ծնվել է Թրամփի ծննդավայր Նյու Յորքում, պաղեստինյան ծագումով ամերիկուհի Ռաշիդա Թլեյբ, աֆրոամերիկուհի Այաննա Փրեսլի, և 12 տարեկանում Սոմալիից Միացյալ Նահանգներ տեղափոխված Իլհան Օմար: Նրանք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ են ընտրվել 2018 թվականի աշնանը՝ երկու տարի ժամկետով: Օմարն ու Թլեյբը առաջին մահմեդական կանայք են, որոնք ընտրվել են Կոնգրեսում:

Նրանց հասցեին Թրամփը մասնավորապես գրել է․ - «Հետաքրքիր է հետևել Կոնգրեսի «առաջադեմ» դեմոկրատներին, որոնց արմատները այնպիսի երկրներից են, որտեղ իշխում են աղետալի և աշխարհի ամենակոռումպացված վտարյալ կառավարությունները, եթե իհարկե այնտեղ ընդհանրապես գործում են իշխանության մարմինները: Եվ նրանք բարձրաձայն ու մեղադրական տոնով Միացյալ Նահանգների ժողովրդին՝ երկրագնդի ամենահզոր ժողովրդին, պատմում են, թե ինչպես պետք է աշխատի մեր կառավարությունը»: «Մի հապաղեք, այդ երկրներում ձեր օգնության կարիքն ունեն», - նաև գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Արձագանքելով Թրամփի աղմկահարույց գրառմանը՝ 36-ամյա Օկազիո-Կորտեսը մասնավորապես գրել է․ - «Մեզ ընտրել է Ամերիկան, իսկ Դուք չեք կարող դա ընդունել, ինչպես նաև այն, որ մենք Ձեզնից չենք վախենում»:

Դեմոկրատական ճամբարում դատապարտել են Թրամփի հայտարարությունը՝ այն որակելով ռասիզմ: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է՝ Թրամփը ցանկանում է «Ամերիկան կրկին սպիտակ դարձնել»: «Մեր ուժը մեր բազմազանության մեջ է, մեր հզորությունը՝ միասնականության», - ընդգծել է դեմոկրատների առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG