Մատչելիության հղումներ

Կես դար առաջ դեպի Լուսին արձակվեց Apollo-11-ը


Apollo-11-ի անձնակազմը
Apollo-11-ի անձնակազմը

Ճիշտ 50 տարի առաջ մարդկությունը գրանցել է մի հսկայական նվաճում, որը պատմական առումով հավասարազոր է կրակի գաղտնիքին տիրանալու և անիվը հորինելու գյուտերին: Քանավերալի հրվանդանից տիեզերք է արձակվել Saturn-5 հրթիռը, որը Լուսին է հասցրել Apollo-11-ի անձնակազմը՝ հրամանատար Նեյլ Արմսթրոնգին և լուսնային մոդուլի օդաչու Բազ Օլդրինին:

Անձնակազմի երրորդ անդամը՝ Մայքլ Քոլինզը, մնացել է Columbia-ում՝ արբանյակի ուղեծրի անհրաժեշտ կետին հասած հրամանատարական մոդուլում, որտեղ սպասել է երկու ընկերներին: Հուլիսի 20-ին լուսնային մոդուլն անջատվել է Columbia-ից և վայրէջք կատարել Լուսնի վրա:

Նախ Արմսթրոնգը, ապա Օլդրինը ոտք են դրել Լուսնի վրա: Արմսթրոնգն է այդ պահին ասել իր պատմական խոսքը՝ «Փոքր քայլ մարդու համար, մեծ քայլ՝ մարդկության»:

Լուսնի վրա նրանք թողել են պատմական նվաճումը խորհրդանշող իրեր, այդ թվում մետաղյա ցուցանակ այսպիսի գրությամբ՝ «Այստեղ մարդիկ Երկիր մոլորակից առաջին անգամ ոտք են դրել Լուսնի վրա: Մեր թվարկության 1969 թիվ: Հուլիս: Մենք ամբողջ մարդկության անունից խաղաղությամբ ենք եկել»:

Նրանք մոտ 21 ժամ են մնացել Լուսնի վրա, հավաքել են 21 կիլոգրամ Լուսնի հողի նմուշներ, ապա լուսնային մոդուլով բարձրացել են ուղեծիր:

Հրամանատարական և լուսնային մոդուլները մոտեցել են միմյանց, միացել, Արմսթրոնգն ու Օլդրինը վերադարձել են Columbia, լուսնային մոդուլն անջատել նավից և ուղղություն վերցրել դեպի Երկիր մոլորակ: Apollo-11-ը Խաղաղ օվկիանոսում ջրեջք է կատարել հուլիսի 24-ին:

Աշխարհի երկրների ղեկավարները, այդ թվում՝ Խորհրդային Միության լիդերները, շնորհավորել են ամերիկացիներին այդ թռիչքի կապակցությամբ:

Apollo-11-ի առաքելության մասին ոչ մի տեղեկություն քաղաքացիներին չեն հայտնել Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Հյուսիսային Վիետնամի և Ալբանիայի իշխանությունները:

Դրանից հետո ամերիկյան մի քանի անձնակազմեր հասել են Լուսին և վերադարձել:

Դա ոչ միայն գիտական, այլև քաղաքական խոշոր իրադարձություն էր: Միացյալ Նահանգները Խոհրրդային Միությանը զիջել էր առաջինը մարդ տիեզերք ուղարկելու համար պայքարում, և Լուսնի վրա վայրէջքը համարժեք պատասխան էր:

ԽՍՀՄ-ը նույնպես փորձել է մարդ հասցնել Լուսին, սակայն, ի վերջո, հրաժարվել է ծրագրից, քանի որ այն չափազանց թանկ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG