Մատչելիության հղումներ

Էրդողանը հուսով է, որ Թրամփը պատժամիջոցներ չի սահմանի


Ռուսական բեռնատար ռազմական օդանավը Թուրքիա է հասցրել Ս-400 համակարգերի բաղադրիչները, Մյուրթեդի օդակայան, 12 հուլիսի, 2019թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երեկ ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ունի անհրաժեշտ լծակներ, ուստի կարող է մերժել պատժամիջոցները, որոնք Կոնգրեսը պահանջում է սահմանել ռուսական արտադրության Ս-400 հրթիռների գործարքի համար:

«Թրամփը կարող է բոյկոտել Կոնգրեսի պահանջը, նա պետք է ոսկե միջինը գտնի», - ասել է Էրդողանը:

Վաշինգտոնը մի քանի անգամ Անկարային կոչ է արել չեղարկել Ս-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու 2017 թվականի դետեմբերի 29-ի գործարքը, սակայն թուրքական կողմը մնացել է անդրդվելի:

Ոչ միայն Վաշինգտոնն, այլև ՆԱՏՕ-ի մնացած երկրներն են հայտարարել, որ ռուսական արտադրության սպառազենը համատեղելի չէ արևտմյանի հետ, ինչը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար:

Մայիսին ամերիկացիներն ասել են, որ թուրքերին դուրս կհանեն Ֆ-35 տեսակի մարտական օդանավեր գնելու և համատեղ արտադրելու ծրագրից, հունիսի 7-ին էլ հայտարարել են, որ Թուրքիայի օդուժի օդաչուներին այլևս չեն թույլատրի մասնակցել Ֆ-35-երի ուսումնական ծրագրին:

Հունիսի 29-ին Էրդողանն Օսակայում Մեծ քսանյակի գագաթնաժողովում Թրամփի հետ հանդիպումից հետո ասել է, թե հույս ունի, որ ամերիկյան կողմը սանկցիաների չի դիմի:

Այնուամենայնիվ մի խումբ օրենսդիրներ Կոնգրեսի երկու պալատներից Թրամփին կոչ են արել առաջնորդվել «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների եղանակով հակազդելու» օրենքով և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Նման պահանջ են հնչեցրել և՛ Սենատի, և՛ Ներկայացուցիչներ տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերն անցած ուրբաթ օրն ասել է, որ ԱՄՆ դիրքորոշումը Ս-400-ների հարցում չի փոխվել:

«Ես պատրաստվում եմ հարցը քննարկել թուրք պաշտոնակից Աքարի հետ», - հայտնել է Էսպերը:

Հուլիսի 12-ից Ռուսաստանը սկսել է խոշոր բեռնատար օդանավերով Թուրքիա փոխադրել Ս-400 տեսակի համակարգերը:

Երեկ Անկարայի մոտակայքում գտնվող Մյուրթեդի ռազմական օդակայանում վայրէջք է կատարել թվով արդեն 9-րդ «Ռուսլանը»:

Էրդողանն ասել է, որ Ս-400-ների առաքումը, հավանաբար, ամբողջությամբ կավարտվի 2020-ի ապրիլին:

«Հիմա մոտ 100 մասնագետ է Ռուսաստանում սովորում Ս-400-ների հետ աշխատել, գուցե այդ թիվը կավելանա 10-ն անգամ», - «Հաբեր Թյուրք» կայանին ասել է նախագահը և ընդգծել, որ ռուսների հետ այդ գործարքն ժամանակակից Թուրքիայի պատմության ընթացքում ամենակարևոր համաձայնություններից մեկն է:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ Ս-400-ների տեղակայումն ու ռազմական պատրաստության վիճակի բերելը նախատեսվում է այս տարվա հոկտեմբերին:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը վկայակոչէլ է «Ռոստեխ» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովին, ով ասել է, որ Անկարային այդ զենիթահրթիռային համակարգերի վաճառքի արժեքը կազմում է 2,5 միլիարդ դոլար:

Ս-400 «Տրիումֆը» նախատեսված է «ինտենսիվ կրակային և ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում թշնամու օդային գրոհները կանխելու, օդանավերը, հրթիռները և թռչող այլ թիրախներ ոչնչացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG