Մատչելիության հղումներ

Լուսինե Հակոբյան․ Սահմանադրական ճգնաժամ իրոք կա


«Ազատությունը» զրուցել է փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանի հետ:

«Ազատություն»․ - Ձեր հրապարակային խոսքին հետևելով՝ կարելի ասել, որ Դուք Վահե Գրիգորյանի հետ համաձայն եք, որ կա սահմանադրական ճգնաժամ: Բայց այդ ճգնաժամը ինչո՞ւմ է արտահայտվում, եթե Հրայր Թովմասյանի գլխավորած կառույցը փաստացի անարգել գործում է, և այնպես էլ չէ, որ հազարավոր մարդիկ գնում են այնտեղ, հրաժարականներ են պահանջում: Այդ ի՞նչ ճգնաժամ է:

Հակոբյան․ - Ճգնաժամ իրոք կա: Ես կիսում եմ այդ տեսակետը: Սահմանադրության 166-րդ և 170-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի անունից կարող են գործել, իրավասու են գործել միայն դատավորները: Իսկ 213-րդ հոդվածը հստակ տարանջատում է նախատեսում Սահմանադրական դատարանի դատավորների և անդամների միջև, և անդամների մասով որևէ լիազորություն նախատեսված չէ։ Բացի դրանից, ինչպես արդեն բացատրել եմ ես, նաև տարբեր այլ մասնագետներ, 213-րդ հոդվածը անցումային դրույթ է, և անցումային դրույթի գործողությունը մեկ կուսակցության շահերից, նպատակահարմարությունից ելնելով չի կարող ձգվել մինչև 2035 թվականը: Դա սահմանադրի կամքին հակառակ դիրքորոշում և տեսակետ կլիներ: Հետևաբար դա չի կարող գործել: Սահմանադրական դատարանի 7 անդամները շարունակում են անտեսել բարձրացված հարցը, որևէ կերպ չեն ցանկանում լուրջ մոտենալ դրան: Իսկ այն, որ ցույցեր չկան, ժողովուրդը, որը վճռական է տրամադրված, և մարդիկ պահանջում են և չեն ցանկանում տեսնել Հրայր Թովմասյանին և մյուսներին Սահմանադրական դատարանում, ուղղակի նրանք սպասում են ավելի վճռական գործողությունների մեր Ազգային ժողովի կողմից, Կառավարության կողմից, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Եվ եթե տեսնեն, որ շատ կուշացվեն այդ գործողությունները, կարծում եմ, որ մարդիկ կասեն իրենց ասելիքը:

«Ազատություն»․ - Արդյո՞ք Ձեր հիշատակած 213-րդ հոդվածը, որպես անցումային դրույթ, չի սահմանում, որ իրենք մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը պիտի պաշտոնավարեին՝ թեկուզ որպես անդամ, ոչ որպես դատավոր:

Հակոբյան․ - Հարցը այն է, որ հստակորեն կան տարբերություններ 2005 թվականի Սահմանադրությամբ սահմանված նրանց լիազորությունների և 2015 թվականի փոփոխություններով նախատեսված դատավորների լիազորությունների միջև, և դրանք ամբողջությամբ նույնական չեն: Բացի դրանից, սահմանադրի կամքն է եղել ձևավորել բոլորովին այլ ընթացակարգերով ու բոլորովին այլ ինքնավարության և ինքնուրույնության երաշխիքներով օժտված Սահմանադրական դատարան: Եվ սահմանադրի կամքը պետք է օր առաջ կատարվի: Հետևաբար 213-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել ի հակառակ սահմանադրի կամքի:

«Ազատություն»․ - Ինչպե՞ս կհակադարձեք հատկապես նախկին իշխանությունների շուրթերով տարածվող պնդմանը, որ Վահե Գրիգորյանը ինքն իրեն հռչակել է Սահմանադրական դատարանի նախագահ:

Հակոբյան․ - Դա հերթական պրոպագանդիստական, մանիպուլյացիոն հնարքն է՝ ասել, որ նա իրեն հռչակել է նախագահ: Նա իրեն չի հռչակել: Նա ասել է, որ ինքը ստանձնում է նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի անդամները իրավասու չեն գործելու, հանդես գալու Սահմանադրական դատարանի անունից, և էնտեղ միակ անձը, որը իրավասու է եղել գործելու Սահմանադրական դատարանի անունից իր երդմնակալության արարողության պահից եղել է Վահե Գրիգորյանը, այդ պատճառով էլ ինքն էլ ստանձնել է նախագահի պարտականությունների և լիազորությունների կատարումը:

«Ազատություն»․ - Ավելի վաղ Արմեն Դիլանյանը, որն արդեն դատավոր էր, կամ հիմա արձակուրդից վերադարձել է, գուցե նա՞ է նախագահը:

Հակոբյան․ - Եթե ինքը կիսում է էդ կարծիքը, լավ կլիներ ինքն էլ արտահայտվեր, որովհետև իր լռութունն էլ ոչինչ չասող․․․

«Ազատություն»․ - Հենց այդ լռության մասին: Եթե նկատել եք, լռում են բոլորը՝ խորհրդարանը, գործադիրը, Նախագահը: Ձեր գնահատմամբ ինչի՞ են սպասում:

Հակոբյան․ - Լավ չեն անում, որ լռում են: Պետք է շատ հստակ դիրքորոշումներ արտահայտեն: Առաջին հերթին՝ Ազգային ժողովը, որովհետև առաջնային մանդատով օժտված կառույցը Ազգային ժողովն է, և այս լռությունը առնվազը տարօրինակ է: Պետք է անի քաղաքական հայտարարություն: Նաև ՀՀ նախագահը և այլն: Եվ պետք է անցնեն առաջադրումներին և վերջապես ձևավորեն Սահմանադրական դատարան: Ընտրվեն իրոք էնպիսի թեկնածուներ, որոնք կվայելեն լայն աջակցությունը և՛ քաղաքական ուժերի կողմից, և՛ հասարակության մեջ կունենան բարձր վարկանիշ: Ի դեպ, կան այդ մարդիկ: Մենք տեսնում ենք, որ Սահմանադրական դատարանը իր այս ներկայիս անդամների կազմով բազմիցս դակել է իշխանահաճո որոշումները: Հատկապես ընտրական վեճերը վառ ապացույց են, և այս պարագայում նրանցից վատերը հաստատ չեն գալու: Մենք ունենք հրաշալի սերունդ, բավական պատրաստված իրավաբաններ ունենք, և կարծում եմ, որ օր առաջ պետք է նրանցով համալրվի մեր Սահմանադրական դատարանը, որպեսզի ի վերջո վերականգնվի հասարակության վստահությունը, վերականգնվի Սահմանադրական դատարանի հեղինակությունը:

«Ազատություն»․ - Բացի այս անդամ - դատավոր թնջուկից, Դուք կարո՞ք եք հիմնավոր փաստարկ բերել, որ Հրայր Թովմասյանը այդ կառույցում անելիք չունի:

Հակոբյան․ - Փաստարկները բազում են: Հենց թեկուզ վերցնենք 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները: Փոփոխությունների նախագծի հեղինակ էր և՛ Հրայր Թովմասյանը, և՛ Վարդան Պողոսյանը, և՛ Գագիկ Հարությունյանը: Եվ ինչպես տեսնում ենք, ի հեճուկս Սերժ Սարգսյանի հրապարակային հավաստիացումների, որ ինքը որևէ ղեկավար պաշտոնի Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններից հետո չի հավակնելու, նա հավակնեց վարչապետի պաշտոնին, ինչը առիթ հանդիսացավ, որ ժողովրդի [համբերության] բաժակը ընդհանրապես լցվի, և տեղի ունեցավ անցած տարվա թավշյա հեղափոխությունը: Եվ հենց էդ մի պատճառը բավարար է, որպեսզի նա [Հրայր Թովմասյանը] վեր կենա և գնա տուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG