Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանյուել Մակրոնին և Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ


Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնը Փարիզում, 2018թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին և է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Մակրոնին ուղղվված ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանապետության Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ:

Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև դարավոր պատմություն ունեցող բարեկամությունը և մեր պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հանդիսանում հայ-ֆրանսիական փոխգործակցության շարունակական զարգացման և խորացման համար»:

Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր էր ապրիլի 24-ի ներառումը ֆրանսիական հանրապետական օրացույցում՝ որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել:

«Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի և ԱՄՆ հետ միասին գործադրվող շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունը միջազգային հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում: Ֆրանսիան մշտապես աջակցել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների առաջմղմանը, և լիահույս ենք, որ այն ապագայում ևս կշարունակվի: Այսօր, երբ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է հավակնոտ բարեփոխումների գործընթաց, հատկապես արդիական է դառնում Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի իրականացման հարցում Ֆրանսիայի աջակցությունը:

Կրկին շնորհավորելով Ձեզ Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ մեծ հաջողություններ Ձեր բարձր առաքելության մեջ՝ ի նպաստ Ֆրանսիայի բարգավաճման և ֆրանսիացի բարեկամ ժողովրդի հետագա առաջընթացի և բարօրության», - իր ուղերձում ասել է Հայաստանի վարչապետը:

Իսկ Ֆրանսիայի վարչապետին ուղղված շնորհավորական ուերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող առանձնաշնորհյալ հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ երկու ժողովուրդների։

«Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հորիզոններ է բացում ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի՝ նոր որակի փոխգործակցության համար: Վստահ եմ, որ մեր երկրներն առավելագույնս կօգտվեն ՀԸԳՀ-ի ընձեռած հնարավորություններից», - ասել է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG