Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը


Արխիվային լուսանկար

Ճիշտ մեկ շաբաթ կինոարվեստի երկրպագուները հնարավորություն ունեին վայելել «Ոսկե Ծիրան» երևանյան 16-րդ միջազգային կինոփառատոնի արդեն ավանդական դարձած մթնոլորտը, որը լի էր թե՛ նոր ֆիլմերով ու ուշագրավ հանդիպումներով, թե՛ քննարկումներով կամ պարզապես մտքերի փոխանակությամբ, դժգոհության կամ գոհունակության արտահայտություններով և այլն, և այլն:

Այս տարի փառատոնի նոր, երիտասարդ ղեկավար կազմը փառատոնի ծրագրերում որոշակի փոփոխություններ էր մտցրել, որոնք նրանք բավական սահուն ինտեգրեցին փառատոնի ընդհանրական ծրագրերում: Փառատոնի երիտասարդ ղեկավարները՝ գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը, ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն ու GAIFF-PRO հարթակի ղեկավար Մելիք Կարապետյանն իրենց իսկ խոսքով՝ արել էին հնարավոր ամեն ինչ փառատոնը ոչ միայն բարձր մակարդակով անցկացնելու, այլև հաջորդ տարի արդեն իսկ նորանոր անակնկալ զարգացումների հիմք նախապատրաստելու համար:

Փառատոնի ամենաուշագրավ փոփոխություններից մեկը Միջազգային խաղարկային և Միջազգային վավերագրական մրցութային ծրագրերի միավորումն էր, նաև «Հայկակական համայնապատկեր» ոչ մրցութային ծրագրի տարալուծումն ու ներառումը՝ արդեն ընդհանուր դարձած մեկ մրցութային ծրագրում:

Հաղթող ֆիլմերը հայտնի կդառնան այս երեկո: Արդեն իսկ քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում քիչ հետո կհնչեն հաղթող ֆիլմերի ու ռեժիսորների անունները:

Փառատոնի հյուրերը՝ կինոռեժիսորներ, կինոքննադատներ, դերասաններ ամեն օր մասնակցում էին տարբեր մամլո ասուլիսների և հանդիպումների: Նրանց հետ զրույցներից պարզ էր դառնում, որ նրանք գոհ են թե՛ փառատոնի ընթացքից, թե՛ փառատոնի կազմակերպչական աշխատանքներից: Նույնը կրկնեց այսօր հանդիպման ժամանակ «Ոսկե Ծիրան»-ի միջազգային ժյուրիի նախագահ, անվանի սցենարիստ և կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն: Նա փառատոնին ներկայացված ֆիլմերի մասին, իհարկե, խուսափեց կոնկրետ խոսել մինչև փառատոնի փակումը, ինչը հասկանալի է, բայց, այնուամենայնիվ, շեշտեց, որ փառատոնի ծրագիրը լավ էր կազմված և ինքը գոհ է փառատոնի ընթացքից:

«Ֆիլմերի շատ լավ ընտրություն էր կատարված, շատ լավ աշխատանք, ընդհանրապես պետք է ամուր պահել-պահպանել այս փառատոնը», - ասաց Ալեքսանդր Մինդաձեն:

Ողջ աշխարհում, առհասարակ, նրա համոզմամբ, կինոփառատոները գնալով կապիտալիզացիայի են ենթարկվում, այսինքն գնալով ավելի ու ավելի թանկ, մասսայական ֆիլմեր են ընդգրկվում ծրագրերում, իսկ այս փառատոնն իր յուրահատկությունն ունի և պահպանում է՝ հանդիսատեսին է մատուցում բարձրավեստ ֆիլմեր, ասաց Մինդաձեն և դիմելով փառատոնի կազմակերպիչներին՝ հորդորեց ամուր մնալ և դիմակայել, կուլ չգնալ համաշխարհային փառատոնային գործընթացներում տեղի ունեցող երևույթներին:

Հայկական ֆիլմերին, Մինդաձեն, ցավոք, ծանոթ չէ, ասում էր, որ ինքն առհասարակ կինոման չէ, բայց համոզված է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համաշխարհային կինոյի զարգացումն անցնելու է մասսայական մեծ քանակի ֆիլմերի ստեղծման միջոցով, իսկ բարձրարվեստ ֆիլմեր, իհարկե, նույնպես կստեղծվեն, բայց քիչ, այսինքն այնպես, ինչպես միշտ է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG