Մատչելիության հղումներ

Լրագրողական երեք կազմակերպություններ մշակել են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ


Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու Երևանի մամուլի ակումբը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ են մշակել:

Առաջարկվում է հրաժարվել լիցենզավորման գորընթացից՝ այն փոխարինելով ավտորիզացիայիով:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, նախագծով առաջարկվող գլխավոր փոփոխությունը պիտի լինի դաշտի ազատականացումը․ - «Եվ բոլոր նրանք, ովքեր պատրաստ են և կարող են աշխատել հեռարձակման ոլորտում, պիտի այդ հնարավորությունը ստանան»:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին: Լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների գնահատմամբ, այն վաղուց հնացել է: Եթե տարիների ընթացքում պարբերաբար փոփոխություններ կատարվեին, միգուցե հիմա շտապելու կարիք չլիներ: Նախագիծը մշակողները ցանկանում են, որ այն ուժի մեջ մտնի մինչև 2021 թվականը․ այդ տարի հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ է անցկացվելու:

Երևանի մամուլի ակումբի նախագահը շեշտում է, որ եթե նախագիծը մինչև մրցույթը չընդունվի, այն անիմաստ կդառնա․ - «Ինձ թվում է, ոլորտը հայտնվելու է այնպիսի փակուղիում, որից այլևս դուրս գալու հնարավորություն չի լինելու»:

Համապետական սփռում ունեցող 8 հեռուստաընկերությունները՝ Հ1-ը, «Շողակաթը», «Կենտրոնը», Հ2-ը, «Շանթը», «Արմենիան», «Երկիր Մեդիան» և «Էռ-Տե-Էռ Պլանետան» լիցենզավորվել են 2011-ին: Միևնույն ժամանակ հեռարձակում իրականացնելու իրավունք են ստացել 10 մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններ։

Նախագծով առաջարկվում է տարանջատել հանրային և մասնավոր հեռարձակողներին: Մասնավորապես հնարավորություն տալ մասնավորներին սեփական մուլտիպլեքսներ ունենալ՝ հեռարձակման թվային ցանցեր:

Նոր նախագիծը մշակողների խոսքով, ներկայիս օրենքն անբարենպաստ է մասնավոր թվային ցանց գործարկելու համար, հետևաբար բոլոր հեռարձակողները կենտրոնանում են մեկ պետական թվային ցանցում։

Ըստ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների, Հանրայինի նկատմամբ վերահսկողությունն այդպիսով մեծ կլինի: Մուլտիպլեքսների տարանջատումից հետո Հանրայինը 5 այլ ալիք կունենա, որոնք ամբողջությոամբ կիրականացնեն սոցիալական գործառույթները։

Այդուհանդերձ, Բորիս Նավասարդյանն իրենց մշակած նախագիծն իդեալական չի համարում՝ նշելով, որ այն դեռ պիտի քննարկվի տարբեր հարթակներում: Նրա խոսքով, կան կետեր որոնք լավագույն լուծումները չեն, դրանք պետք է գտնել մոտակա ամիսների ընթացքում:

Նավասարդյանը նաև զգուշացնում է՝ նոր օրենքը որոշակի դիսկոմֆորտ է առաջացնելու ոլորտի համար․ - «Բայց դա բխում է ոչ թե օրինագծի վատ լինելուց, այլ նրանից, որ քսան տարի մենք, կամ պետությունը, իշխանությունը ոչ մի գործ չենք արել այդ ուղղությամբ: Եվ դրա համար նախատեսվել է երկու տարվա անցումային փուլ, որը հնարավորություն կտա ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հաղթահարել այդ դիսկոմֆորտը»:

Նավաարդյանի խոսքով, հեռարձակման հնարավորությունը պիտի ոչ թե արտոնություն լինի առանձին հեռարձակողների համար, այլ ոլորտի ներկայացուցիչների իրավունք՝ գործունեություն ծավալելու համար․ - «Խոսքը գնում է նաև ոլորտի գործունեության արդյունավետ օրենսդրական կարգավորման մասին, կարգավորող մարմինների, Հանրային հեռուստատեսության խորհրդի ավելի անկախ կարգավիճակի մասին: Նաև հնարավորինս պահպանել հանրային շահերը մեդիա ոլորտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG