ԱՄՆ-ի ափամերձ պաշտպանության ծառայությունը թմրանյութ տեղափոխող փոքր սուզանավ է ձերբակալել Խաղաղ օվկիանոսում:
Սուզանավի հետապնդումն ու ձերբակալությունը տեղի է ունեցել անցած ամիս, բայց երեկ է այդ մասին հաղորդվել ու տեսանյութ ցուցադրվել: Տեսանյութում երևում է, որ ամերիկյան սահմանապահ ուժերի նավի անձնակազմի անդամներից մեկը ցատկում է օվկիանոսի մակերևույթին երևացող սուզանավի վրա և ստիպում, որ ներսում գտնվող մարդը բացի լյուկն ու հանձնվի:
Մաքսանենգ թմրանյութը ափ հանելու գործողությանը ներկա է գտնվել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հայտնում է ափամերձ պաշտպանության ծառայությունը սոցցանցերի իր էջերում:
Ենթադրաբար անօրինական թմրանյութը Ամերիկա էր տեղափոխվում Մեքսիկայից:
Միայն անցած մայիսից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում Խաղաղ օվկիանոսում ամերիկյան ծովային սահմանապահ ուժերը առգրավել են ավելի քան 17 տոննա կոկաին ու 420 տոննայից ավելի մարիխուանա: Դրանց ընդհանուր արժեքը մոտավորապես 570 միլիոն դոլար է: