Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր


ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) այսօր հաղորդում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման մասին՝ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում:

Մասնավորապես, ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացիներ իրացման նպատակով հայ-իրանական սահմանով տեղափոխել են առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1 կիլոգրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի 1 գրամի գինը «սև շուկայում» 100-120 հազար դրամ է: ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 9-ին թմրամիջոցը տեղափոխելու ճանապարհին՝ Կապան քաղաքում, հայտնաբերվել է ավտոմեքենայում, նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Մեկ այլ դեպքով ԱԱԾ և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք կազմակերպել են ԱՄՆ-ից փոստային առաքանու միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ «ՄԴՄԱ» տեսակի («էքստազի») 148 հատ դեղահաբի («սև շուկայում» 148 հատ «ՄԴՄԱ» տեսակի դեղահաբի գինը մոտ 1.5 մլն դրամ է) մաքսանենգ ճանապարհով տեղափոխումը Հայաստանի տարածք: Հուլիսի 8-ին փոստից առաքանու ստացումը կատարվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, առաքանին ստանալուց անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG