Մատչելիության հղումներ

Թոշակի բարձրացումը տասը տոկոսով չես ասի բացասական է, բայց հեղափոխական չէ․ ԲՀԿ պատգամավոր


Կառավարության նիստը, Երևան, 11-ը հուլիսի, 2019թ.

Հաջորդ տարի հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա տասը տոկոսով, այս լուրով կառավարության նիստը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տնտեսական հեղափոխություն խոստացած կառավարության այս քայլը չես ասի բացասական է, բայց հեղափոխական էլ չէ, ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

«10 տոկոսի բարձրացումը, եթե միջին թոշակը 40-41 հազար է, ուրեմն՝ 44-45 հազար, պայմանական էդպես կասեմ, եթե ոչ դրանից բարձր։ Իհարկե, չենք կարող ասել դա բացասական է, բայց ոչ էլ կարող ենք ասել, որ շատ գերազանց է, որովհետև էդ 4-5 հազար դրամով գնաճի պայմաններում պետք է հասկանանք, պետք է ցույց տալ, որ քայլ-քայլ էլի ենք բարձրացնում», - նշեց Մելքումյանը։

Վերջին 5 տարում բարձր գնաճ է արձանագրվել, թոշակն ու աշխատավարձը չեն բարձրացել, հիշեցնում է պատգամավորը: Տասը տոկոսով կենսաթոշակն ու որոշ ոլորտների աշխատավարձ բարձրացնելով կառավարությունը փորձում է հավասարակշռել հեղափոխական սպասումներն ու հասարակական տրամադրությունները։ Բայց կարևորը կենսաթոշակի և աշխատավարձի ավելացման շարունակականությունն է:

«Մենք ունենք ռեալ 42-43 տոկոսի գնաճ վերջին հինգ տարում։ Հիմա եթե մենք թողնենք էդ գնաճը ինքն իրան գնա, որովհետև գնաճի արդյունքը նաև բյուջետային մուտքերն է ավելանում, իսկ, ասենք թե, թոշակն, աշխատավարձը ընդհանրապես չբարձրանան, դուրս եկավ, որ աղքատության մակարդակը աճում է։ Կառավարությունն էլ է մտածում՝ եթե թողնեն գնաճը գնա, 63 հազար է էսօր, 63 հազար 500 է էսօր նվազագույն կենսապահովման զամբյուղը, որը ես վիճարկում եմ, շատ վիճարկելի է, եթե թողնեն անընդհատ ինքը աճի, գնաճ լինի, աշխատավարձ չբարձրանա, աղքատության մակարդակը բարձրանա, արդյունքում մենք կասենք, որ մինուս է։ Դե հիմա թող ասեն՝ գործազրկության մակարդակը ինչքա՞ն է, չի իջել՝ 20 տոկոս, աղքատության մակարդակը իջե՞լ է, թե՞ չէ։ Դե բերեք էն մյուսն էլ ասենք, դա նշանակում է, որ գնաճը շատ ավելի մեծ է, քան էդ բարձրացումներն են», - ընդգծեց Մելքումյանը։

Տնտեսության աշխուժացման համար ներդրումների, աշխատատեղերի ստեղծման խոստումները պետք է կյանքի կոչվեն: Ծրագրերի մասին Մելքումյանը լսել է, կոնկրետ ներդրումների՝ ոչ:

«Իրոք, եթե մենք ասենք, որ համակարգային կոռուպցիան և արհեստական մենաշնորհները արմատախիլ են արվել, բայց տեսեք, ես կհամաձայնվեմ դրա հետ, բայց դրա դրական հետևանքները, որ պետք է նյութական, ռեալ թվային չափելի հետևանքներ բերի, օրինակ, էսօր կարո՞ղ է մեկն ասի, որ համակարգային կոռուպցիա չլինելու հետևանքով ինչքան ներդրում է եկել կամ տնտեսական աճի որ մասն է համակարգային կոռուպցիայի կամ արհեստական մենաշնորհի չլինելու արդյունքում, չենք կարողանում գնահատենք։ Բայց որ հիմա է ստեղծում, դա նշանակում է, որ կառավարությունը որոշակի ռիսկերի էլ է գնացել», - ընդգծեց ԲՀԿ պատգամավորը։

Կենսաթոշակի բարձրացման լուրը ոչ բոլոր թոշակառուներին է ոգևորել: Քայլը հուսադրող է, ավելացվող չափը՝ գնաճին անհամարժեք, «Ազատության» հետ զրույցում դժգոհեցին քաղաքացիները: Մտավախություն ունեն, որ թոշակի բարձրացմանը զուգահեռ կրկին թանկացումներ կլինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG