Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ բացվել է «Վաղվա քաղաքը» խորագրով ցուցահանդեսը


Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի շենքը Երևանում:
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի շենքը Երևանում:

Այս շաբաթ երեք ուշագրավ մշակութային իրադարձություն տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում «Իմ քայլը» հիմնադրամը դասական երաժշտության կայուն զարգացման նպատակով Համագործակցության հուշագիր ստորագրեց մեր լավագույն երաժշտական կազմակերպությունների գեղարվեստական ղեկավարների հետ: Երկու օր առաջ էլ հիմնադրամի աջակցությամբ Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ավելի քան 20 տարի չգործող «Այրարատ» կինոթատրոնի լեփ-լեցուն ճեմասրահում բացվեց «Կինոյի Տաճար» ինստալյացիոն ծրագիրը, որով ներկայացվում են Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած, վերականգնված և թվայնացված չափազանց ուշագրավ կադրերը:

Ցուցադրությունը, որն արդեն իսկ ներկայացվել է Ռոտերդամի հեղինակավոր փառատոնում, շարունակվելու է մինչև այս շաբաթվա վերջը: Սա Ազգային կինոկենտրոնի ու լեհական «Ֆիքսաֆիլմ» պրոդյուսերական ընկերության համատեղ գործունեության արդյունքն է: Նախատեսվում է վերականգնել և թվայանացնել 100 տարիների ընթացքում ստեղծված հայկական բոլոր ֆիլմերը:

Դե իսկ «Ոսկե Ծիրանի» շրջանակներում «Կինոյի տաճար» ծրագիրը Փարաջանովի երկրպագուներին հնարավորություն տվեց նաև «Մոսկվա» կինոթատրոնում դիտելու Փարաջանովի երեք կարճամետրաժ թվայնացված ֆիլմերը:

Իսկ այսօր երեկոյան, դարձյալ «Իմ քայլը», հիմնադրամի աջակցությամբ մի շատ հետաքրքիր ցուցահանդես բացվեց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում՝ «Վաղվա քաղաքը» խորագրի ներքո: Այս ցուցահանդեսը «Գյոթե ինստիտուտի» տարածաշրջանային ամենախոշոր շրջիկ ցուցահանդեսն է: Նախագիծը պատրաստվել է մի քանի տարվա հետազոտությունների արդյունքում՝ տարածաշրջանի և Գերմանիայի մի քանի գործընկեր հաստատությունների հետ համատեղ: Ցուցահանդեսի համադրողներն են Ռուբեն Արևշատյանը, Աննա Քացը և Գեորգ Շյոլհամերը:

«Ազատության» հետ զրույցի ընթացքում հանգամանորեն ներկայացնելով ցուցադրության կառուցվածքը՝ թանգարանի տնօրեն Ռուբեն Արևշատյանը շեշտեց․ - «Այս ցուցահանդեսը պատմում է 20-րդ դարի արդի (մոդեռնիստական) ճարտարապետության և քաղաքաշինության պատմության մասին Խորհրդային Միությունում: Այն շարժումը, որը սկսվել էր դեռևս 19-րդ դարի կեսերից, և այդ շարժումն էր, որը առաջ քաշեց մարդկության կենսակերպի փոփոխության վերաբերյալ ռադիկալ մոտեցումներ: Ավանդականից կտրեց և մեջտեղ բերեց մի խնդիր․ որ մարդը ունակ է իր կամքով, իր խելքով փոխել ընդհանուր ուժերով իր կենսակերպը: Եվ 20-րդ դարի ընթացքում դրա պտուղները, արդյունքները ակնհայտ են: Մենք կարող ենք տեսնել, որ ճարտարապետությունը և քաղաքաշինությունը արդի շարժման մեջ իրականացնում է ամենակարևոր լոկոմոտիվի դերը»:

Պարզաբանելով ցուցահանդեսի խորագրի ընտրությունը («Վաղվա քաղաք»)՝ Արևշատյանն ասաց․ - «Որովհետև ինքը առաջ էր քաշում երազանքների քաղաքի մոդել: Դրա համար ենք ընտրել «Վաղվա քաղաք»: Որովհետև հասարակությունը միևնույն է իր մտածողությամբ ուղղված է դեպի ապագա: Տարօրինակն այն է, որ այսօրվա նույն այդ հասարակությունը շարունակում է օգտվել 20-րդ դարի արդի մտածողության շնորհիվ ձևակերպված և ստեղծված այն բոլոր կառուցվածքներից, այն կառույցներից, որոնք որ ի հայտ են եկել»:

Անդրադառնալով վերջին երեք տասնամյակներում Երևանի ճարտարապետական դիմագծին՝ Ռուբեն Արևշատյանն ասաց․ - «Արդի ճարտարապետության մեջ կարևորագույն խնդիրը նպատակայնությունն էր․ ի՞նչ նպատակի պետք է շենքը ծառայի, և ի՞նչ դասակարգի նաև պետք է այդ շինությունը, քաղաքը, թաղամասը ծառայի, ո՞ւմ համար է այն ստեղծված: Հյուսիսային պողոտան իր էությամբ, իր փիլիսոփայությամբ ուներ մեկ խնդիր՝ ձևավորել բարեկեցիկ ապագայի մասին տեսլական, երազանք: Բարեկեցությունը փոխկապակցվում է հիերարխիայի ձևավորման հետ, էլիտար թաղամասը: Դա լրջագույն պրոբլեմ է և լրջագույն հարց է, որը որ նստած է հենց մեր գիտակցության մեջ: Մե՛նք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ տեսակի հասարակության մասին ենք մենք երազում, այն, որ պետք է բարիքը լինի հավասարապես բաշխվա՞ծ, թե՞ պետք է լինեն չքավորներ և էլիտար վերնախավ»:

Հավելենք, որ ցուցահանդեսը կգործի միչև սեպտեմբեր, որից հետո էլ մինչև 2021 թվականը արդեն իսկ բազմաթիվ պայմանավորվածություններ կան այն աշխարհի ամենատարբեր երկրներում՝ այդ թվում և Միացյալ Նահանգներում ներկայացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG