Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Դատավորների ընդհանուր ժողովը. օրակարգում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը


Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճը, արխիվային լուսանկար

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր ժամը 14։00-ին մեկնարկեց դատավորների հերթական Ընդհանուր ժողովը։

Ընդհանուր ժողովը իրավազոր է համարվում այն դեպքում, եթե մասնակցում են դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին։ Օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերում ընտրության հարցը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների միջև։ Իրավական վեճ կա նաև այն առումով, թե պետք է ընտրել այսօր երե՞ք անդամի, թե՞ երկու, քանի որ հայտնի չէ՝ դատավոր Նախշուն Տավարացյանը շարունակո՞ւմ է մնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, թե՞ ոչ։ Նա, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, պատրաստվում է երդում տալ, սակայն վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանն էլ մինչ նիստը սկսելը լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ այս մասով կա վեճ, և միայն դատական խորհրդի նիստից հետո որոշում կտրվի նաև այդ հարցին։

«Ազատության» հարցին՝ տիկին Տավարացյանի հրաժարականի դիմումը, որ մինչ այդ ամիսներ առաջ ներկայացրել էր, չի՞ մակագրվել, նա այժմ կարո՞ղ է երդվել, Մկրտչյանը պատասխանեց. «Իրավիճակը օրենքի ուժով մի փոքր անլուծելի է՝ կապված այն փաստի հետ, որ տիկին Տավարացյանը չերդվեց։ Այսինքն, մենք ունենք փաստ, որ ունենք ընտրության արդյունքով ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամ, և դեռևս, որպես այդպիսին, պաշտոնավարման պարտականությունները չի սկսել իրականացնել, մասնավորապես՝ այն փաստի ուժով, որ դեռևս չի երդվել, բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, որ դեռևս դադարեցված չի այդ անդամի լիազորությունները։ Անկախ նրանից, օրենսդրական կարգավորումը ուղղակիորեն, ես նշեցի, այս դեպքում չկա, բայց պետք է իրավիճակը լուծում ունենա, չի կարող անլուծված մնալ»։

Դատական դեպարտամենտի խոսնակ Արման Խաչատրյանը ևս հայտարարություն է տարածել և նշել, որ հարցը գտնվում է Դատավորների ընդհանուր ժողովի օրենքով նախատեսված լիազորությունների տիրույթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG