Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը երկրորդ անգամ անտեսել է ցուցմունք տալու համար վկայի կարգավիճակով Ներքին գործերի նախարարություն այցելելու դատարանի ծանուցագիրը: Իրավապահները քրեական գործի մասին տեղեկություններ չեն հայտնում:
Ծանուցագրի մերժումը Ղրղըզստանի ոստիկաններին ընձեռում է նախկին նախագահին բերման ենթարկելու հնարավորություն:
Մայրաքաղաք Բիշքեկի մոտակայքում գտնվող Քոյ Թաշ ավանում իր առանձնատանը բնակվող Աթամբաևն իրավապահների գործողություններն «ապօրինի» է անվանել:
Աթամբաևին կասկածում են 2011-17 թվականներին նախագահության օրոք պաշտոնեական դիրքը չարաշահելու, կոռուպցիոն գործարքներ կատարելու և անօրինական եղանակով հարստանալու համար:
Նախկին նախագահը հերքում է մեղադրանքը: Նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևն «ապօրինի» է որակել Աթամբաևին անձեռնմխելիությունից զրկելու՝ Ղրղըզստանի խորհրդարանի հունիսի 27-ի որոշումը: