Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին


Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյան
Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյան

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, հուլիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստը:

Հունիսի 24-ի որոշմամբ ստեղծված խորհրդի կազմում են Վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ (նախկին 3-ի փոխարեն): Այսօր լրանում է հասարակական կազմակերպությունների մասնակցության դիմումների վերջնաժամկետը:

«Հասարակական կազմակերպությունների համար նախատեսվել է ռոտացիոն կարգ՝ երկու տարվա մեջ անընդհատյա փոփոխելու ռեժիմով: Միաժամանակ նաև նախատեսել ենք, որ այդ հասարակական կազմակերպությունները պիտի ունենան ոլորտի համապատասխան փորձառություն, միջազգային կազմակերպությունների հետ իրականացրած լինեն համապատասխան ծրագրեր այս ոլորտում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչիկյանը:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, որ ժամանակին հրաժարվել էր մասնակցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ստեղծած հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքներին, պատրաստակամ է ներգրավվել այս կառավարության ձևավորած խորհրդի աշխատանքներին:

ՀԿ-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը ասում է, որ այս կառավարությունից ակնկալում են քաղաքական կամքի դրսևորում․ - «Մեզ համար ծիծաղելի էր մի հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը, որը ղեկավարվում էր Հովիկ Աբրահամյանի կողմից, որտեղ կար Գագիկ Խաչատրյանը, օրինակ: Այսինքն դա բավականին անլուրջ էր, և ընդամենը մեզ էինք դնելու անբարենպաստ վիճակում և ծիծաղելի վիճակում: Ներկայումս մենք շատ ավելի մեծ հույսեր ենք կապում այս խորհրդի հետ: Այսինքն ոչ էնքան գործ անելու առնչությամբ, որովհետև, ըստ էության, նրա գործիքակազմը մեծ չէ: Բայց այն շատ կարևոր է հարթակ ձևավորելու համար»:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից փոխանցեցին, որ խորհրդում իրենց ներկայացնելու է Շաքե Իսայանը: Պատգամավորը օրակարգը ստացել է, առաջարկների մասին խմբակցությունում քննարկում կունենան վաղը։

«Լուսավոր Հայաստանը» կառավարություն է ներկայացրել Անի Սամսոնյանի անունը և պատրաստակամ են աշխատել խորհրդի կազմում:

Փոխնախարար Խաչիկյանը ընդգծում է, որ ընդդիմադիրների ներգրավածությունը կարևոր է հանրային լայն մասնակցության ապահովման տեսանկյունից: Արդարադատության նախարարության ներկայացրած հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը ևս հանրային լայն քննարկումների արդյունքում նոր միայն կառավարոթյունը կհաստատի:

Ռազմավարությունը ենթադրում է, որ կստեղծվի կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական մարմին ու դատարան, իսկ Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի:

Այսօր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ռազմավարության նախագծի հետ կապված մի շարք առաջարկներ արդեն հնչեցին:

«Իրավունքերի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը բարձրաձայնեց կոռուպցիոն հանցագործությունները քննող միասնական մարմնի ղեկավարի նշանակման գործընթացում քաղաքական բաղադրիչի հարցը՝ առաջարկելով գնալ այնպիսի փոփոխությունների, որոնք կչեզոքացնեն քաղաքական մեծամասնության ազդեցությունը․ - «Նման խնդիրների լուծումը ըստ էության սահմանադրական փոփոխություններով պայմանավորված լուծումներ է պահանջում: Հիմնական խնդիրը, անկախ քաղաքական ուժից, այդ քաղաքական ազդեցության չեզոքացմանն ուղղված գործողություն չկա»:

Ամենաուշը օգոստոսի վերջին Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի idraft-ում քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը: Մինչ այդ քննարկումներ են նախատեսված նաև մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG