Մատչելիության հղումներ

Ալավերդու պղնձաձուլարանի վերաբացման շուրջ բանակցությունները փակուղի են մտել


Ալավերդու պղնձաձուլարանի հանքավայր, արխիվ
Ալավերդու պղնձաձուլարանի հանքավայր, արխիվ

Ալավերդու պղնձաձուլարանի վերաբացման շուրջ կառավարության, «Վալլեքս» ընկերության և ՎՏԲ բանկի միջև արդեն 8 ամիս տևած բանակցությունները փակուղի են մտել։

10 օր առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ընկերության ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ արձանագրել են, որ «Վալլեքս» ընկերությունը նոր տեխնոլոգիաներով գործարան կառուցելու հստակ ծրագիր ու ժամկետներ չունի։

Այսօր Ալավերդու համայնքապետարանում ընկերության տնօրենի և հուլիսի 1-ից կրճատված աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Կառավարությունը պատրաստ է գնալ այդ զիջումներին և տրամադրել արտոնություններ արտանետումների հետ կապված, որը կտևի երեք տարի, երկու տարի, թե ինչքան, բայց հետագայում, որպեսզի հստակ լինի՝ մենք ի վերջո կունենանք տեխնոլոգիապես ավելի մաքուր աշխատող գործարան։ Քանի դեռ դա չկա, կառավարությունը պարաստ չի էս տարբերակին, որ ուղղակի աշխատենք, ինչքան կաշխատենք, կաշխատենք։ Նման մոտեցումը ընդունելի չի»։

Անցած տարվա հոկտեմբերից փակված պղնձաձուլարանի մոտ 500 աշխատողները վարձատրվում են աշխատավարձի երկու երրորդի չափով։ Հուլիսի 1-ից ընկերությունը նրանցից 206-ին ազատել է աշխատանքից, պատճառաբանելով, որ չեն կարող չաշխատող գործարանում ամիսներ շարունակ աշխատավարձ վճարել։ Գործարանը, որ գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում, կարող է չվճարված վարկի դիմաց ցանկացած պահի անցնել բանկին, ինչը տեղի ունեցավ Թեղուտի հանքավայրի դեպքում։ Մեկ տարի առաջ «Վալլեքս» ընկերությունը կորցրեց սեփականությունը հանքավայրի նկատմամբ։

Այսօր գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը մարզպետին հիշեցրեց կառավարությունից իրենց սպասելիքների մասին՝ դառնալ միջնորդ «Վալլեքս» ընկերության և ՎՏԲ բանկի միջև։

«Որ մեզ հաճախ ասում են՝ «դուք եք մեղավոր, կառավարությունն ի՞նչ մեղավոր է, որ գրավադրել եք ինչ-որ բան», ոչ ոք չի ասում, որ կառավարությունը մեղավոր է, որ մենք ինչ-որ մի բան գրավադրել ենք։ Մենք ընդամենը ասում ենք՝ հարգարժան կառավարություն, դուք ունեք այդ լծակները, մեր լծակները սահմանափակ են, մենք հիմա դատարաններում ենք և այլն, կյանքը ցույց կտա՝ դա ինչ ավարտ կունենա», - նշեց Մեջլումյանը։

Գործարանի ղեկավարը հայտարարեց՝ երեք տարի բանակցություններ են վարել Ալավերդիում նորագույն տեխնոլոգիաներով, առանց արտանետումների գործարան կառուցելու պատրաստակամություն հայտնած չինական ընկերության հետ։ Բայց, այսօր ստեղծված իրավիճակում, սառեցվել են այդ բանակցությունները։

Գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանն «Ազատությանն» ասաց. «Բանակցությունները ներդրողների հետ սառեցված են։ Սառեցված չի նշանակում՝ ավարտված են, սառեցված նշանակում է՝ հասել ենք X կետի, այդ X կետում այսպես ֆիքսել ենք և մնացել ենք։ Առաջ չենք շարժվել, բայց հետ էլ չենք գնացել»։

«Ազատության» հարցին՝ այս պայմաններում, որ գործարանը գրավադրված է, հնարավո՞ր է վերսկսել բանակցությունները, պատասխանեց. «Այո»։

Դիտարկմանը, որ ցանկացած պահի կարող է ՎՏԲ-ն վերցնել գործարանը, արձագանքեց. «Որ պահին կվերցնի, այդ պահից էլ կդադարի ամեն ինչ»։

Ալավերդիում կայացած հանդիպմանը ներկա աշխատակիցները ներկայացրին անգործ մնալու իրենց մտահոգությունները։

Այժմ գործարանը աղացագնդեր է արտադրում, որտեղ ներգրավված է շուրջ 60 աշխատող։ Գործարանի ղեկավարությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտադրական ծավալները, որի արդյունքում աշխատողների թիվը կկրկնապատկվի, բայց մոտ 400 աշխատող անգործ կմնա։

Նշենք, որ մարզպետն այսօր եղավ նաև Թեղուտի հանքավայրում։ Հանքն ու լեռնահարստացուցիչ ֆաբրիկան այսօրվանից լրիվ ծավալով սկսեցին աշխատանքը։ Աշխատում է մոտ 780 մարդ։ Ընկերության ղեկավարներն այսօր մարզպետին ասացին, որ առաջիկայում աշխատողների թիվը կհասնի 1000-ի, որոնց թվում կընդգրկեն նաև Ալավերդու գործարանից կրճատվածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG