Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան


Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ

Այսօր մեկնարկում է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը, նախ՝ Բաքու, վաղը՝ Երևան, հուլիսի 11-ին` Բաթումի:

Ադրբեջանի մայրաքաղաքում մի քանի ժամից նախատեսված է Դոնալդ Տուսկի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կհաջորդի համատեղ ասուլիս, ապա Եվրամիության խորհրդի նախագահը կայցելի Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ, որը շահագործման է հանձնվել վերջին տարիներին:

Այս նախագծով Ադրբեջանը փորձում է մերձկասպյան երկրների համար դեպի Արևմուտք «պատուհան» դառնալ։

Սա, ի դեպ, ամենախոշոր առևտրային նավահանգիստն է Կասպից ծովում և, ինչպես հայտարարում են Ադրբեջանի իշխանությունները, մեծ հնարավորություններ է ընձեռում կասպյան ավազանում հարաբերությունների խորացման համար։

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն Ադրբեջանի իշխանությունների հետ առաջին անգամ է հանդիպում մայիսին Բրյուսելում տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո։

Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը, հիշեցնենք, շեղվել էր նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել, քանի որ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը՝ տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակման բացակայության պատճառով։

Արևելյան գործընկերության հոբելյանական այդ հավաքին ակնկալվում էր նաև Ադրբեջանն ու ԵՄ-ի միջև համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ կողմերը բանակցում են արդեն ավելի քան 4 տարի, սակայն Ադրբեջանի և Եվրամիության իշխանություններին այդպես էլ չի հաջողվեց հարթել տարաձայնություններ, որոնք հատկապես վերաբերում են մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վարած քաղաքականությանը:

Թե ինչ օրակարգով է Տուսկը ժամանում Բաքու՝ չեն հստակեցնում ո՛չ Բրյուսելից, ո՛չ Բաքվից:

Եվրամիության խորհրդի ղեկավարի հաջորդ կանգառը Երևանն է: Այստեղ Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նախատեսված է նաև մամուլի ասուլիս: Դոնալդ Տուսկը, հիշեցնենք, Հայաստանի վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա Մարտին՝ Բրյուսելում: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե Եվոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։

Երևանից հուլիսի 11-ին Դոնալդ Տուսկը կուղևորվի վրացական Բաթումի, որտեղ մասնակցելու է Եվրամիության արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Վրաստանում ևս Տուսկը կհանդիպի վարչապետի և արտգործնախարարի հետ։

Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը թերևս վերջիններից է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում։ Առաջիկա աշնանը ավարտվում է նրա պաշտոնավարումը, նրան այդ պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG