Մատչելիության հղումներ

«Աղիքային ինֆեկցիա է տարել խմելու ջրի պատճառով». Նոր Խարբերդի բնակիչներին խմելու ջուր գրաֆիկով է հասնում


Երևանի Շենգավիթ համայնքի մաս կազմող Նոր Խարբերդի ամառանոցների բնակիչները խմելու ջուր ունենալու համար կամ պիտի առավոտյան շուտ արթնանան կամ էլ սպասեն մայրամուտին, այս շրջանին ջուրը գրաֆիկով է հասնում։

Ռուզաննա Ավետիսյանի հույսը տարաների մեջ հավաքած ջուրն է, սակայն միշտ չէ, որ օգտագործում են, ջրին սպասելիս նկատել է, որ ծորակից «կասկածելի» ջուր է հոսում։ Հարևանությամբ ապրող ընտանիքի փոքրիկներին էլ ընդհանրապես ծորակի ջուր չեն տալիս:

«Աղիքային ինֆեկցիա է տարել խմելու ջրերի պատճառով։ Տալիս եմ խանութի ջրեր բոլոր էրեխեքին, որովհետև էլի մեջը կեղտա, ամանները լվանում ես գդալների վրա սպիտակ հետքերը մնում ա», - ասաց բնակիչներից մեկը։

Տան հարս Սաինան բոլոր գործերը մեկ ժամ ունեցած ջրով է հասցնում անել, նույնիսկ չի հասկանում, թե ինչպես է ստացվում։ - «Մեկ ժամվա ընթացքում ես հա՛մ երեխա եմ լողացնում, հա՛մ ջուր եմ հավաքում, հա՛մ խալի եմ լվանում», - նշեց Սարինան։

Խմելու ջրից զատ չկա նաև ոռոգման ջուր, բնակիչների ծառերը չորանում են։ Տիկին Ռուզաննան խնդրի ժամանակավոր լուծում է գտել. «Խմելու ջուրը աբրատնի սենց ստիպված գցել եմ հայաթ, որ օգտագործածս ջրով գոնե էս մի քանի ծառը պահպանվի»։

Բնակիչները տարիների ընթացքում ուր ասես դիմել են, 2017-ին էլ «Վեոլիա ջրից» պատասխան են ստացել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Նշված տարածքի ջրամատակարարումն իրականացվում է հաստատված ժամանակացույցի համաձայն, միաժամանակ տեղեկացնում եմ, որ ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում ընկերությունը պատրաստ է սահմանված կարգով ընթացք տալ»։

Բնակիչներն ասում են՝ իրենք ոստիկաններ չեն, որ ընկնեն կարգազանցներ գտնեն։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ իր կարծիքով, թաղամասում կան բնակիչներ, որոնք առանց ջրաչափի ջուր են օգտագործում, ինչի պատճառով «Վեոլիա ջուրը» վնասներ է կրում։

«Օգտագործում են որպես ոռոգման ջուր, դա է խնդիր առաջացնում նաև էս բնակիչների համար, այսինքն մի քանի անբարեխիղճ կարող են խնդիր առաջացնել», - ասաց Մկրտչյանը։

Այդուհանդերձ թաղապետը վստահեցնում է՝ Նոր Խարբերդի ամառանոցների ջրի խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, որպես առաջնահերթություն։ Նախ կլուծվի ոռոգման ջրի խնդիրը, իրավիճակն այլ է խմելու ջրի հարցում։

«Եթե չեմ սխալվում, էդ կողմի ջուրը գալիս է Էրեբունի վարչական շրջանից և մեր վարչական շրջանից և չի բավարարի, առնվազն պետք է էդ վարչական շրջաններում ջուր չգա, որ էդտեղ բավարարի», - նշեց Մկրտչյանը։

Ի դեպ, այստեղ ապրողները մեկ այլ խնդիր էլ ունեն՝ թաղամասում բնական գազ չկա, ստորագրահավաք են նախաձեռնել, մի քանի փողոց այն կողմ գտնվող գազի խողովակը իրենց տներ հասցնելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG