Մատչելիության հղումներ

Սևանի լողափերի վարձակալները հերքում են ձկների անկման տեղեկությունը


Սևանա լճում բնապահպանական խնդրի հետևանքով նաև ձկներն են սատկում։

Նման բովանդակությամբ տեսանյութ «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկն էր հրապարակել։ Հենց նույն ափում, որտեղ օգտատերն էր երեկ ժամանանց անցկացրել ու տեսագրել միջադեպը, այսօր արդեն ոչ մի հետք չկար։ Լողափի վարձակալը, թեև խուսափեց տեսանկարահանվել, սակայն պնդեց՝ նման բան չի եղել։

Հարևան լողափերում էլ ձկների անկում չեն տեսել։

«Ես անձամբ Սևանի ափին ծնված-մեծացած տղա, 97 թվից էլ որպես վարձակալ, որպես լողափի տեր, ես էսքան ժամանակ չեմ տեսել: Սևանում եթե ձուկ սատկի, էն էլ՝ ջրի կանաչելուց», - ասաց լողափներից մեկի վարձական Արկադի Մանուկյանը:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը, սակայն, չի բառառում,որ կապտականաչ ջրիմուռները կարող են լճում թվվածնի պակաս առաջացնել ու ձկների անկման պատճառ դառնալ․ - «Ձկների մոտ առաջանում է թթվածնային քաղց և ձկները ուղղակի կա՛մ սատկում են, կա՛մ իրանց դուրս են նետում լճից դուրս, կա՛մ ուղղակի ոչնչանում են»:

Գալստյանի խոսքով՝ ձկների զանգվածային անկում Սևանը տեսել է նախորդ դարի 70-ականներին՝ հենց նույն թթվածնի պակասի պատճառով․ - «Նույն տիպի վիճակ մենք ունեցել են 71-74 թվականներին, երբ որ թթվածնի պարունակությունը Սևանա լճի ջրում կտրուկ նվազեց և քանակը չեմ հիշում քանի անգամ, բայց իջել էր էնպիսի մակարդակի, որ դա ուղղակի աղետ էր: Դրա համար էն ժամանակ սովետական կառավարությունը որոշեց Արփա - Սևանի վրա միլիարդավոր ռուբլիներ ձախսել, որ կարողանա լճի մակարդակը բարձրացնել»:

Սևանի այն ափերում, որտեղ ջուրը վերջին շրջանում մուգ կանաչ գույն էր ստացել, այսօր արդեն այլ տեսք ուներ։ Լողափերի վարձակալները ջրի կանաչումը բնական են համարում, ասում են, թե միշտ է այդպես եղել, պարզապես այս տարի լիճը սպասվածից շուտ ծաղկեց։

Մասնագետները ջրի ծաղկման մի քանի վարկած են շրջանառում, բայց թե որն է Սևանի կանաչելու պատճառն առայժմ հստակ չէ։

Վերջին տարիներին Սևանն ուսումանասիրող քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանն կապտականաչ ջրիմուռների զանգվածային ակտիվությունն առաջին հերթին Սևանի մակարդակով է պայմանավորում․ - «Եթե ոչինչ էլ չանեին, ուղղակի բնական հոսքը թողեին Հրազդան գետի, Սևանի մակարդակը 1995-2000 թվականներից մինչև 2032 թիվը մոտավորապես 2,5-3 մետր կբարձրանար ինքն իրան: Նույնիսկ դա չեն թողում, անընդհատ ջրառ են անում, անում են, որպեսզի ջրի մակարդակը չբարձրանա: Ինչ-որ մարդիկ շահագրգռված են»:

Մասնագետներն անհրաժեշտություն են համարում ջրառի ծավալների նվազեցումը։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյան. - «Էդ կապտականաչ ջրիմուռները չեն եղել: Դրանք հայտնվել են առաջին անգամ էն ժամանակ, երբ որ մոտավորապես 90 տարի առաջ որոշեցին լճի մակարդակը կտրուկ իջացնել՝ տնտեսական նպատակներով ջուրը օգտագործելու համար: Եվ էդ իջացնելու հետևանքով արդեն 60-ականների սկզբին առաջին անգամ էդ կապտականաչ ջրիմուռները սկսեցին առաջանալ: Էս վերջին 2-3 տարվա առաջացումը արդեն պատճառ էր նրան, որ 2011-12 նախորդ կառավարությունները հանցագործություն են իրականացրել Սևանա լճի նկատմամբ և արհեստական կասեցրել են լճի մակարդակի բարձրացումը»:

Սևանի ուսումնասիրությամբ զբաղվող Սեյրան Մինասյանի համոզմամբ, իշխանափոխությունից հետո էլ Սևանի նկատմամբ պետական քաղաքականությունը նույնն է մնացել՝ ոչ մի շոշափելի քայլ լճի պահպանման ուղղված․ - «Ցավով պետք է ասեմ, որ իշխանության փոփոխությունը վերջին տարվա ընթացքում Սևանի հետ կապված ոչնչի չի բերել, որովհետև կոնկրետ Սևանով զբաղվում են և Սևանի մասին որոշումներ կայացնում են այն մարդիկ, որոնք նախկինում էլ են էդ որոշումները կայացրել»:

Կապտականաչ ջրիմուռների զանգվածային ակտիվացումը նաև Սևանում հանգիստն անկացնել նախընտրող մարդկանց թվի վրա է ազդել։ Այցելողների թիվը մի քանի անգամ նվազել էր, չնայած այսօր արդեն լողափերից մեկում վարձակալը չդժգոհեց. նախորդ օրերի համեմատ այցելուների թիվն ավելացել է, ինչը, նրա կարծիքով, ափի մաքրման արդյունքն է։

Ըստ մասնագետների, կապտականաչ ջրիմուռների անհետանալը Սևանի բնապահպանականի խնդրի լուծման մասին չի խոսում։ Նրանց խոսքով, խնդիրը համակարգային լուծում է պահանջում՝ ճահճացած ափերի մաքրում, լիճ թափվող կոյաջրերի կենսաբանական զտում, ձկնորսության բացառում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG