Մատչելիության հղումներ

«Ծանր աշխատանքն այսօրվանից է սկսվում»․ Հունաստանի նորընտիր վարչապետ


Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակլիս
Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակլիս

Հունաստանում իշխանափոխություն է, պահպանողական Կիրիակոս Միցոտակլիսը ստանձնեց վարչապետի պաշտոնը:

Նա խոստանում է ստեղծել նոր աշխատատեղեր և ապահովել նոր ներդրումներ տարիներ շարունակ ճգնաժամի մեջ գտնվող հայրենիքի համար:

Միցոտակիսի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը Հունաստանի 300-տեղանոց խորհրդարանում վաստակել է 158 տեղ, ինչը բավական է սեփական ուժերով կառավարություն կազմելու համար:

«Հունաստանի ժողովուրդը մեզ տվել է Հունաստանը բարեփոխելու հզոր քվե: Մենք հարգում ենք այս մանդատը և մեր առաքելությունն ամբողջությամբ ենք կատարելու, այսօրվանից սկսած՝ մեկնարկում է ծանր աշխատանքը, ես լիովին վստահում եմ մեր ուժերին», - ասել է նոր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Վարչապետի պաշտոնամուտի արարողությունը, որին մասնակցել են նաև Հույն Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները, տեղի է ունեցել Հունաստանի նախագահի նստավայրում:

Արարողությունից հետո նորընտիր վարչապետին շնորհավորել և հաջողություն է մաղթել ընտրություններում պարտված վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

Նա Հունաստանում այսօր էլ հեղինակություն վայելող քաղաքական գործիչ է, սակայն, ընտրողներին զայրացրել են միջազգային ներդրողների հետ Ցիպրասի կառավարության անցկացրած և մեծ նվաճում չապահոված երկարատև բանակցությունները:

Ցիպրասը 2015 թվականին է ընտրվել վարչապետ՝ այն բանից հետո, երբ Հունաստանում ներքին և արտաքին հսկայական պարտքի հետևանքով աննախադեպ ծանր ճգնաժամ է ստեղծվել:

Ձախակողմյան Ցիպրասը խոստացել է լուծել բոլոր հարցերը, որոշ չափով պարտքը մարվել է, միջազգային վարկատու կառույցները նոր գումարներ են տրամադրել, սակայն շարքային հույների կենսամակարդակի զգալի աճ չի գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG