Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իրանը լավ կանի զգույշ լինի»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոն, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոն, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Իրանին հորդորել է խոհեմ լինել և չավելացնել հարստացված ուրանի 2015 թվականի միջուկային համաձայնագրով սահմանված քանակն ու հարստացման աստիճանը:

Իրանի հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաև Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան:

«Իրանը պետք է զգույշ մնա, որովհետև ուրանը հարստացնում է մեկ նպատակով: Ես չեմ ասի, թե որ, բայց դա վատ նպատակ է, նրանք պետք է զգույշ լինեն», - ասել է Թրամփը:

Իրանը մշտապես հերքում է ուրանը միջուկային ռումբ ստեղծելու նպատակով հարստացնելու մասին Արևմուտքի և Իսրայելի պնդումները:

Թրամփը երեկ հանդես եկավ այդ հայտարարությամբ այն բանից հետո, երբ Իրանը հայտնեց, որ աստիճանաբար հրաժարվում է 2015 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից:

Իրանը փուլերով է չեղարկում պարտավորությունները․ մեկ քայլ անելուց հետո, մյուսն անում է ճիշտ երկու ամիս անց:

Թեհրանում ասում են, որ այդպես Արևմուտքին ու նախևառաջ Վաշինգթոնին տալիս են «դիրքորոշումը վերանայելու ժամանակ»: Եթե փոփոխություն չի լինում, 60 օր անց ավելացվում է հարստացված ուրանի քանակը և հարստացման աստիճանը:

«Հիմա վարում ենք բանակցություններ «4 գումարած 1» ձևաչափով, եթե կարևոր է՝ Ամերիկան կարող է միանալ այդ բանակցություններին, նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ չի առարկի, իհարկե, պայմանով, որ պատժամիջոցները վերացվեն և վերադառնանք այն վիճակին, որը կար նախքան դրանց սահմանումը: Այդ են քննարկել Ռոհանին և [Ֆրանսիայի նախագահ] Էմանյուել Մակրոնը», - ասել է միջուկային հարցերով Իրանի ավագ բանագնաց Աբբաս Արաքչին:

Նախքան 2015-ի միջուկային պայմանագրի կնքումը, Իրանը արտադրել է Բուշերի ատոմակայանի ռեակտորի համար անհրաժեշտ ուրանի 20 տոկոսը, դրա հարստացման աստիճանը 5 տոկոս է կազմել:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է, որ կողմերը քննարկում են Իրանի միջուկային խնդրով երկխոսությունը մինչև հուլիսի 15-ը վերականգնելու տարբերակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG