Մատչելիության հղումներ

Վախճանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը


Արման Կիրակոսյան, լուսանկարը՝ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից
Արման Կիրակոսյան, լուսանկարը՝ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից

Վախճանվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը, հաղորդում է Արտաքին գործերի նախարարությունը:

«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 63 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արտգործնախարարությունը՝ իր խորին ցավակցությունը հայտնելով Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին:

Դեսպանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Անասելի ցավ եմ ապրում. ես կորցրեցի վաղեմի ընկերոջս՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Ջոնի Կիրակոսյանին: Մեր ընտանիքը կորցրեց իսկական բարեկամի ու հրաշալի մարդու, ում հետ հանդիպումը միշտ սպասված, հաճելի և օգտակար էր: Մեր ժողովուրդը և պետությունը կորցրեցին արժանավոր զավակին, պրպտող պատմաբան-գիտնականին, պրոֆեսիոնալ դիվանագետին, հայրենիքին նվիրված արժանապատիվ քաղաքացուն», - ասված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Արման Կիրակոսյանը Արտգործնախարարության համակարգում էր 1991 թվականից, 1991-94 թվականներին եղել է ԱԳ նախարարի առաջին տեղակալը, 1992-93 թվականներին՝ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը, 2005-2011 թվականներին՝ ԱԳ փոխնախարար: Տարբերի տարիների զբաղեցրել է ԱՄՆ-ում, Հունաստանում, Կիպրոսում, Ավստրիայում և Հունգարիայում, Միացյալ Թագավորությունում և այլ պետություններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնները: Հայտնի պատմաբան, խորհրդային Հայաստանի 1975-85 թվականների արտգործնախարար Ջոն Կիրակոսյանի որդին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG