Մատչելիության հղումներ

Երևանում վաղը մեկնարկում է «Ոսկե Ծիրան» 16-րդ կինոփառատոնը


«Ոսկե Ծիրան» կինոփառատոնին նվիրված ասուլիսը, Երևան, 6-ը հուլիսի, 2019թ․
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնին նվիրված ասուլիսը, Երևան, 6-ը հուլիսի, 2019թ․

Կինոարվեստի մեր երկրպագուները հուլիսի 7-14-ը կրկին կարող են մասնակիցը դառնալ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, որը Երևանում տեղի է ունենում արդեն 16-րդ անգամ:

Այս անգամ կինոփառատոնն առանձնանում է նոր ղեկավար կազմով: Դեռ անցյալ տարի փառատոնի հիմնադիրները՝ Հարություն Խաչատրյանը, Միքայել Ստամբոլցյանն ու Սուսաննա Հարությունյանը կինոփառատոնի ղեկավարությունը փոխանցեցին երիտասարդ կինոգործիչներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան «Ազատության» հարցի, թե ի՞նչ են ակնկալում՝ առաջին անգամ ձեռնամուխ լինելով փառատոնի կազմակերպչական աշխատանքներին, փառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն ասաց․ - «Ակնկալում ենք, իհարկե, շատ ակտիվ մասնակցություն, լիքը հերթեր կինոդահլիճների մուտքի մոտ: Դեմ չենք լինի անգամ մարդկանցից, ովքեր կբողոքեն, որ ցուցադրությունները քիչ են, ավելի շատ էին ուզում, երկու անգամը քիչ է ֆիլմերը ցույց տալու, երեք թող լինեն և ավելի: Էնպես որ, շատ ակտիվ մասնակցություն ու ուրախ փառատոն ենք ակնկալում»:

Այս տարի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում: Նախկինում այն տեղի էր ունենում կամ «Մոսկվա» կինոթատրոնում, կամ էլ Օպերային թատրոնում: «Ազատության» հարցին՝ ինչո՞ւ է այս անգամ ընտրվել Մարզահամերգային համալիրը, որտեղ վաղը ժամը 17:30 տեղի կունենա Կարմիր գորգի արարողությունը, Հովհաննիսյանն արձագանքեց․ - «Սկզբում փառատոնի բացումը հիմնականում «Մոսկվա» կինոթատրում էր, որտեղ կա 500 տեղ, և հրավիրատոմսերը սպառվում էին մեկ-երկու օրում, սկսվում էին պատերազմներ, թե ում ենք մոռացել: Հետո տեղափոխվեց Օպերայի դահլիճ, որտեղ արդեն հազարից ավելի կարծեմ տեղեր կան, գոնե հազար, պատերազմները նույնպես շարունակվում էին: Հիմա 2 հազար 200 տեղ ունենք, և չեմ կարող թաքցնել՝ հրավիրատոմսերը սպառված են, պատերազմ սպասվում է դեռ: Էնպես որ, հաջորդ տարվա համար ավելի մեծ դահլիճ ենք փնտրելու, բայց հուսով եմ, որ այս տարի Մարզահամերգայինը լիքը կլինի»:

«Կան լիքը բաներ, որ նախատեսել ենք՝ չստացվեց, հաջորդ տարի անպայման պիտի դեռ անենք», - նաև ասաց փառատոնի գործադիր տնօրենը:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ շեշտեց, որ այս տարի փառատոնն անմասն չէ պատվավոր հյուրերից․ - «Պատվավոր հյուրերն են Կարլոս Ռեյկադասը՝ մեքսիկացի ռեժիսոր, ինչպես նաև Արթուր Արիստակեսյանը՝ մոլդովա-ռուսական ռեժիսոր հայկական ծագումներով, ում նույնպես ցանկանում ենք, որ այս տարի բացահայտվի ավելի լայն կինոսեր հանրության համար: Առիթ կունենանք նաև կազմակերպել նրանց համատեղ վարպետության դասընթացը կամ համատեղ հանդիպումը հանդիսատեսի, հանրության հետ»:

Ինչ վերաբերում է բացման ֆիլմին, ապա, ինչպես ներկայացրեց Կարեն Ավետիսյանը, «Կաննի միջազգային կինոփառատոնի՝ վերջերս ավարտված, մայիսին, Ոսկե արմավենու ճյուղին արժանացած հարավկորեացի ռեժիսոր Պոն Չուն-հոյի «Մակաբույծները» կամ «Պորտաբույծները» ֆիլմն է, որը կբացի 16-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը»:

Վաղը ժամը 15-ին էլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա լավագույն կինոգործիչներին նվիրված աստղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Այս տարի բացվելու են Բագրատ Հովհաննիսյանի, Արման Մանարյանի և Գենադի Մելքոնյանի հոբելյանական աստղերը», - ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերում թե՛ հայ, թե՛ արտասահմանցի կինոռեժիսորների խաղարկային ու վավերագրական բազմաթիվ ուշագրավ ֆիլմեր են ընդգրկված, հանդիպումներ, բացօթյա ցուցադրություններ, վարպետության դասեր, մի խոսքով՝ վաղվանից սկսած յուրաքանչյուր ոք կարող է իր ճաշակին համապատասխան ընտրություն կատարել և մի ամբողջ շաբաթ հուլիսյան այս օրերին վայելել «Ոսկե Ծիրան»-ը: Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ էլ կցուցադրվի հաղթած՝ «Ոսկե Ծիրան»-ի արժանացած ֆիլմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG