Մատչելիության հղումներ

Կասկած չկա, որ ներկայիս Սահմանադրությունը պետք է փոփոխել․ քննարկում Գյումրիում


Հայաստանի մայր օրենքի՝ Սահմանադրության փոփոխության շուրջ կարծիքները տարբեր են: Իրավապաշտպաններից ոմանք այն կարծիքին են, որ Սահմանադրությունը պետք է ոչ թե փոխվի, այլ՝ լրամշակվի, ոմանք էլ կարծում են, որ Սահմանադրությունը օր առաջ պետք է փոխել:

Գյումրիում՝ Երկխոսության մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ նոր իշխանություններն արդեն իսկ պետք է քայլեր ձեռնարկեն Սահմանադրության փոփոխությունների համար: Ըստ նրա՝ տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը տրամաբանորեն հանգեցնելու էր Սահմանադրության փոփոխության:

«Եթե գործողը ինքը ապահովեր կամ գործեր, հեղափոխություն չէր լինի, հա՞, էսպես ասենք: Իսկ եթե չեն ապահովել, դա ոչ թե, ենթադրենք, մենք ենք անշնորհք, կամ որ մենք չենք ուզում ապահովել, ուղղակի հնարավոր չի ապահովել՝ լուծումներ չի տալիս, ինքը տալիս է միայն որոշակի խմբի շահերի բավարարում՝ էդպես է եղել տրամաբանությունը, խումբ, որը փորձել է իշխանություն իրացնի և իշխանությունը պահի, և ժողովուրդը մերժել է: Եվ հետևաբար՝ այն գործիքը, որը ստեղծված էր և պարտադրված էր, նա չի կարող պիտանի համարվել այս հեղափոխության պատճառների վերացման և դրանցով պայմանավորված խնդիրների լուծմանը, չի կարող բավարարել», - ընդգծեց Սաքունցը:

Փաստաբան Արինա Մեծոյանը հավելեց՝ Սահմանադրության փոփոխության երկու մեխանիզմ կա՝ ճկուն ու կոշտ, մեկը խորհրդարանի միջոցով է իրականացվում, մյուսը՝ հանրաքվեի: Սակայն այնքան հաճախ է հանրաքվեով մայր օրենքը փոփոխվել, որ այն «կոշտից ճկուն է դարձել»: Սահմանադրության փոփոխության հարցին պետք է շատ զգույշ վերաբերվել, պնդեց բանախոսը:

«Մենք մայր փաստաթղթի հետ գործ ունենք, ու պետք է մաքսիմալ լուրջ վերաբերվել դրան: Այսինքն, եթե մենք փոխում ենք Սահմանադրություն, փոխվում են մյուս բոլոր օրենքները ևս, որոնք պետք է պարտադիր համապատասխանեցվեն Սահմանադրությանը, ու դա բերում է իրավական դաշտի քաոսի: Այսինքն, դա նշանակում է, որ ժամանակ, էլի միջոց, էլի ֆինանս ու ռեսուրս է դրա համար անհրաժեշտ լինում, դրա համար պետք է շատ լուրջ վերաբերվել ու անել հնարավորինս ճիշտ փոփոխություններ», - ասաց Մեծոյանը:

Պատմաբան Արտակ Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ չնայած Սահմանադրությունը գաղափարական, քաղաքական և իրավական փաստաթուղթ է, սակայն Հայաստանում մեկ նպատակի է ծառայել․ - «Մեր իրականության մեջ էն երկու կոմպոնենտները՝ գաղափարականը և իրավականը, ստորադասված են եղել միշտ քաղաքականին, և Սահմանադրությունները, կապ չունի՝ երբ է ընդունվել, երբ է փոխվել, միշտ դարձել են զուտ քաղաքական փաստաթուղթ՝ ֆիքսելով տվյալ պահի քաղաքական ուժերի հարաբերակցությունը»:

Հիմա, երբ խոսվում է Սահմանադրության փոփոխության, անցումային արդարադատության և վեթինգի մեխանիզմի կիրառման մասին, «Ազատություն»-ը բանախոսներից հետաքրքվեց, թե ի վերջո ո՞րն է առաջնայինը, որտեղի՞ց է պետք սկսել:

Արթուր Սաքունցը թվարկեց՝ որն ինչի համար է անհրաժեշտ փոխել ու կիրառել․ - «Ինչի՞ համար է անհրաժեշտ անցումային՝ որովհետև այդ կառավարման արդյունքում մարդկանց իրավունքներ են խախտվել՝ կոպիտ խախտումները: Ինչի՞ համար է անհրաժեշտ վեթինգ՝ որովհետև իրապես այդ դատավորների մի մասը, որոնց որոշումները Եվրոպական դատարանի վճիռներով ճանաչվել են մարդու իրավունքների խախտումներ՝ կոպիտ խախտումներ, և 6-րդ հոդվածի՝ արդարադատության խախտումներ են, չէ՞, վերջին հաշվով»:

Իրավապաշտպանը պնդում է, որ ներկայիս իշխանությունները մինչ այս փոփոխությունները նախ և առաջ նախորդ իշխանություններին պետք է քաղաքական գնահատական տան: «Քաղաքական գնահատականի մեջ պետք է տրվեն՝ պետության զավթման մասին, սեղմ պետք է լինի այն հռչակագիր ասածը կամ այն գնահատականը, այս փաստաթուղթը, որը տալիս է մեկնարկ իմ նշած մնացած․․․ Այսինքն, ինչի՞ համար է անհրաժեշտ Սահմանադրությունը փոխել՝ որովհետև պետության զավթում է եղել Սահմանադրության մակարդակով: Քաղաքական գնահատականի հիման վրա կարող են լեգիտիմ համարվել՝ ընկալման տեսակետից, գիտակցման տեսակետից, մնացած այդ գործողությունները», - շեշտեց Սաքունցը՝ հավելելով․ - «Դու պետք է ամբողջական այդ պատկերը, խճապատկերը, մոզաիկան ներկայացնես փաստաթղթի վրա, որը ցանկացած դիսկուրսի ժամանակ, որևիցե մեկի մտքով անցնի՝ բա, գիտե՞ք, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ազգային հերոս և այլն, չգիտեմ ինչ բաներ, դրանց պատասխանները տրվի: Մենք չենք անձնավորում, մենք ասում ենք, թե ինչպիսին է եղել էդ ոճը և ինչպիսին չպետք է լինի այլևս: Սա է հեղափոխության հիմնական ակնկալիքը արդարության և արդար պետության»:

Բանախոսներն այն կարծիքին են, որ Սահմանադրությունը չպետք է գրվի այս կամ այն քաղաքական ուժի համար: Իսկ որ ներկայիս Սահմանադրությունը պետք է փոփոխել, դրանում որևէ կասկած չունեն, քանի որ հեղափոխությամբ ժողովուրդը մերժեց ոչ միայն նախկին իշխանություններին, այլ նաև նրանց համար «կարված» Սահմանադրությունը:

«Պետք է ամրագրենք՝ այս Սահմանադրությունը մերժել է քաղաքացին՝ հեռացնելով, թավշյա հեղափոխության արդյունքում, նախորդ իշխանություններին՝ իրենց Սահմանադրության հետ միասին է մերժել: Եվ նախորդ իշխանության կողմից իրենց իշխանությունը՝ խմբային իշխանությունը ապահովող Սահմանադրությունը չի կարող պիտանի լինել թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքացիների ակնկալիքների բավարարման համար: Չի կարող պիտանի լինել, սա շատ պարզ է», - հայտարարեց Արթուր Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG