Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Հարավը կարող է համալիր զարգանալ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը ներկայացրել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաև՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։

«Էական է տեսնել, վստահ լինել, որ ընկերությունը ճիշտ ճանապարհով է առաջ գնում և մանավանդ կատարում է իր սոցիալական պարտականությունները», - ասել է նախագահը` նշելով, որ լեռնամետալուրգիայի հայկական հսկան ոչ միայն մեծ ներդրում ունի Հայաստանի արտահանման ոլորտում, այլև մեծ նշանակություն ամբողջ հարավի համար՝ Մեղրիից Գորիս: Սարգսյանը կարևոր է համարել, որ բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաև սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ «Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին», - ասել է նա։

Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարևոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. - «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաև գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթև արդյունաբերության, առևտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթև արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից և բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ որ կա առևտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

Այսօր Արմեն Սարգսյանն այցելել է նաև Սյունիքի մարզի մի շարք արտադրական ձեռնարկություններ, մասնավորապես՝ պահածոների արտադրության մեջ մասնագիտացած «Սյունիք Ֆուդ», կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Մարիլա» ընկերություններ:

«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության համար», - ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը այսօր նաև Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։

2014 թվականից կազմակերպվող միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG