Մատչելիության հղումներ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն իր «խիստ հսկողության տակ է պահելու» տարածքների վարձակալության գործընթացը


Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը տարիներ շարունակ ամսական 67 հազար դրամով վարձակալել է «Լամբադա» կամուրջը, այնտեղ գործում է նրա ՍՊԸ-ին պատկանող ավտոլվացման կետը:

Մի քանի հանցագործությունների մեջ կասկածվող Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ կեղծ անձնագրով ու այս պահին գտնվում է Չեխիայում:

Որպես կամրջի վարձակալ, Սարգսյանը կուտակած 54 մլն 800 հազարի հասնող պարտքը քաղաքային իշխանությանը վճարել է միայն հեղափոխությունից հետո՝ ԱԱԾ-ի հորդորով:

Այս տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Դանիելյանը․ - «Ամենամեծ վարձակալության պարտքը դա հայտնի «Լամբադա կամուրջ» կոչված էստակադան էր, որը ամբողջությամբ վարձակալությամբ տրված էր նախկին փոխքաղաքապետի՝ Վանո Վարդանիչի որդուն պատկանող ընկերությանը: Իսկ վերջին երեք տարիներին տվյալ էստակադան արդեն տնօրինում էր մեկ այլ ընկերություն, որի հարյուր տոկոս սեփականատերը հանդիսանում էր Ալեքսանդր Սարգսյանի որդին»:

Խոսեցինք նաև Երևանի նախկին փոխքաղաքապետ Վանո Վադրանյանի որդու՝ Վարդան Վարդանյանի հետ, որին պատկանող ՍՊԸ-ն, ըստ վարչական շրջանի ղեկավարի, կամրջի առաջին վարձակալն է եղել: Թե ինչ գնով է 10 տարուց ավելի վարձակալել կամուրջը, Վարդանյանը չմտաբերեց, միայն ասաց, որ տարիներ շարունակ չեն կարողացել շահույթ ստանալ տարածքից, պարտքեր են կուտակել, հետո դրանք մուծել ու ՍՊԸ-ն վերադարձրել քաղաքապետարանին․ - «Մենք էդ տարածքից հրաժարվեցինք, էդ տարածքը հանձնել ենք: Ու հետո ես իմացել եմ, որ վերցրել են ուրիշ մարդիկ, էդ տարածքում արել են ներդրում: Բայց մեր ժամանակ երկու անգամ սակագին ա փոխվել, քաղաքապետարանը թանկացրել ա տարածքի գինը»:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ասում է, որ փորձելու են Նարեկ Սարգսյանի ընկերությանը պատկանող ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը չեղարկել ու դուրս բերել այնտեղից կամրջի ներքևում գործող ավտոլվացման կետը: Դանիելյանն ասաց, որ վարձակալը չի կատարել պայմանագրով իր վրա վերցրած պարտականությունները, չի խնամել տարածքը:

Արամ Դանիելյանը հավելեց, որ իրենք պատրաստվում են նաև չեղարկել նախկին թաղապետերից մեկին 50 տարվա վարձակալության հանձնված այգու պայմանագիրը՝ ամսական 250 հազար դրամի դիմաց: Նա պնդեց, որ այգին նույնպես չի խնամվում, ավելին՝ այնտեղ կեղևազրկվում են ծառերը, որ չորանան, տեղեկություն ունի, դա արվում է հետագայում ծառերի տեղում տուն կառուցելու նպատակով:

«Այս պահին արդեն էդ պրոցեսը խիստ հսկողության տակ է իմ կողմից, և նման մտադրություն ունեցողները առնվազն արկածախնդիրներ են», - հավելեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:

Նա պատմեց, որ Կոմիտասի պողոտայում 80-ից ավելի կրպակներ՝ յուրաքանչյուրը 10-12 քառակուսի մետր մակերեսով, վարձակալության են հանձնվել տարեկան ընդամենը 553 դրամով: Բայց հետո վարձակալներն այդ նույն կրպակներն ու տաղավարները ենթավարձակալության են հանձնել ամսական առնվազն 200-300 հազար դրամով: Դանիելյանն ասաց, որ այդ պայմանագրերը նունպես չեղարկվելու են:

Ամեն օր աշխատասենյակի պատշգամբից Արամ Դանիլեյանը տեսնում է հենց թաղապետարանի դիմացի սրճարանների 1000 քառակուսի մետրանոց տարածքը, որը տարեկան 18 հազար դրամով է վարձակալության հանձնվել․ - «Արաբկիրում 13 հազար դրամ մեկ ավտոտնակն է 15 քառակուսի մետր տարածք զբաղեցնող, հողի վարձակալությունը: Ես սա ասում եմ, որ համեմատությունը ավելի ակնհայտ լինի»:

Թաղապետարանի դիմացի այգու այդ տարածքում, Արամ Դանիելյանի խոսքով, նույն վարձակալը կարող է շարունակել իր գործունեությունը, բայց մի պայմանով՝ եթե տարեկան 18 հազարի փոխարեն վճարի 27 մլն դրամ:

«Նաև այսպես պետք է համայնքային բյուջե վերադարձնել մսխված գումարները», - պնդեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG